Խոշոր չափի հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության գործով նախաքննությունն ավարտվել է. Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթները, քննությամբ չպարզված օրը և վայրում, անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի՝ 7,2 գրամ ընդհանուր քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ և ապօրինի պահել է իր մոտ, որը հայտնաբերվել և վերցվել է նրա անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հոգեմետ նյութի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: