Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն ապրիլի 12-ին հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը նախ հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունները:
Նրանք սպասել են հետաքննության արդյունքներին, որոնք պետք է պարզեին մեղադրանքների իսկությունը առ այն, որ կանադական տեխնոլոգիաներն Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում: Խոսքը թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի վրա կիրառվող դիտարկման և թիրախավորման համակարգերի մասին է, որոնք արտադրվում են կանադական «L3Harris WESCAM» ընկերության կողմից:
Գարնոն նաև հայտնել է, որ 2019թ. աշնանը ևս Կանադան կասեցրել էր ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ հաշվի առնելով թուրքական զորքի ռազմական ներխուժումը Սիրիա:
«Կանադայի արտգործնախարարությունը, խորհրդակցելով ազգային պաշտպանության նախարարության հետ, իրականացրել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական ապրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունների մանրակրկիտ դիտարկում: Հաշվի առնելով, որ դրա արդյունքում ձեռք է բերվել վստահելի ապացույց առ այն, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարում եմ, որ այսօր չեղարկվում են բոլոր այն թույլտվությունները, որոնք կասեցվել էին 2020թ. աշնանը»,- նշել է Կանադայի արտգործնախարարը:
Մարկ Գարնոն հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:
Կանադացի պաշտոնյան նաև հաղորդել է, որ ապրիլի 12-ի առավոտյան զրուցել է թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հաստատելու Կանադայի մտահոգությունը։