Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ

Ապրիլի 9-ին, ժամը 09:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 128-րդ կմ-ին «VAZ 21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 25 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են և հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս