Ինչո՞ւ էր ինքնաթիռը դատարկ. Հարցի պատասխանն ԱԳՆ-ից ուղղորդում են լսել փոխվարչապետի գրասենյակից

Հայ ռազմագերիների վերադարձի մասին տեղեկությունը, որը factor.am-ի հետ զրույցում երեկ հաստատել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, և որը կայծակնային արագությամբ տարածում էին մերձիշխանական շրջանակները,  պարզվեց, հավաստի չէ. Բաքու-Երևան չվերթով ինքնաթիռը ժամանել էր, սակայն՝ դատարկ, առանց գերիների:

Իսկ այդ ընթացքում Էրեբունի օդանավակայանի տարածքում ժամեր շարունակ իրենց զավակների վերադարձին էին սպասում ծնողներն ու հարազատները:

Տեղի ունեցածի վերաբերյալ մի հերթապահ բացատրություն տարածեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ նշելով. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»:

Այսօր տեղեկացանք՝ գերիների խաբված հարազատներն առավոտից փակել են Շիրակի մարզ տանող ճանապարհները:

168.am-ը դատարկ ինքնաթիռի այս անհասկանալի պատմության մասին մեկնաբանություն խնդրեց ՀՀ արտգործնախարարությունից, սակայն մեզ խնդրեցին թեմայի վերաբերյալ պարզաբանման համար դիմել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ:

Փոխվարչապետի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանն էլ միայն վերահաստատեց գրասենյակի երեկ տարածած հայտարարությունը:

«Ավել մեկնաբանություններ այս պահին անել չեմ կարող»,- հավելեց նա:

Մեր դիտարկմանը, թե, օրինակ, Արթիկի փոխքաղաքապետը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վստահեցրել էր, որ գերիների վերադարձ ամենևին նախատեսված չի եղել, և չգիտի, թե որտեղից է վարչապետի խոսնակը նման տեղեկություն տարածել, Տ. Ավինյանի մամուլի քարտուղարն արձագանքեց.

«Տեսել եմ այդ ձևակերպումները, և, դժբախտաբար, իրականում այնպես է, որ բոլորը խոսում են այդ հարցով՝ ովքեր ինչ-որ մի բան կարող են լսել տարբեր տեղերից, ինչը սխալ է:

Ես կրկնում եմ՝ կարող եմ վերահաստատել նախօրեին տարածած մեր հայտարարությունը, որ գերիների վերադարձ տեղի չի ունեցել, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվել»:

Քանի որ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նորից հայտարարել էր, թե ռազմագերիների հարցը լուծված է, այդ թեման փակված է՝ փոխվարչապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչպես են իշխանությունները պաշտոնական Բաքվի կողմից հնչող նման հայտարարությունների ֆոնին պատկերացնում հետագա աշխատանքները, Ն. Հովսեփյանը պատասխանեց.

«Մենք մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել ենք. նախկինում հայտարարություններ տարածել ենք Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ, որ դրանք խաթարող հայտարարություններ են, և, ըստ էության, կրկին խոչընդոտում են եռակողմ հայտարարության 8-րդ կետի ի կատար ածմանը, ինչը կոպիտ խախտում է հետպատերազմյան մարդասիրական գործընթացի»:

Տեսանյութեր

Լրահոս