Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի պատգամավորների պալատի նախագահի հետ

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Լյուդովիկ Օրբանի հետ։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Լյուդովիկ Օրբանին Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ նոր պատասխանատու պաշտոնում: Քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատուկ շեշտ դնելով այն հանգամանքի վրա, որ այս տարի լրանում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Երկուստեք ընդգծվել է ռումինահայ համայնքի դերը՝ որպես Ռումինիայի հասարակության կարևոր մաս, որը ոչ միայն դարեր շարունակ իր նպաստն է բերել Ռումինիայի զարգացմանը, այլ շարունակում է նաև կապող օղակ հանդիսանալ երկու երկրների փոխհարաբերություններում։ Այդ առիթով ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դրական փորձը, ինչի ցայտուն օրինակ է 2019թ. Ռումինիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, համաձայն որի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում կողմերը գոհունակությամբ նշել են նաև այն հանգամանքը, որ Ռումինիան ԵՄ անդամ առաջին երկրներից էր, որ 2018թ. սկզբից սկսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որ ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից:

Դեսպան Մինասյանը պարոն Օրբանին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը, և անդրադարձել է միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում մարդասիրական հարցերի արծարծման կարևորությանը։

Կողմերը հույս են հայտնել, որ, համավարակի հաղթահարմանը զուգահեռ, կակտիվանա նաև երկկողմ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Տեսանյութեր

Լրահոս