«Հայ հասարակության համար հիմնական խնդիրը մնում է նույնը՝ այս վարչախումբը  պետք է հեռանա». Վարդան Ոսկանյան

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա վարչախումբը կկարողանան Հայաստանի համար որևէ խնդիր լուծել, պատրանքների դաշտից է:

«Հետևաբար՝ հայ հասարակության համար հիմնական խնդիրը մնում է նույնը՝ այս վարչախումբը և նրա պարագլուխը պետք է հեռանան իշխանությունից, որպեսզի Հայաստանը շանս ստանա սկսելու վերակառուցել թե՛ իր տնտեսությունը, թե՛ բանակը, թե՛ ընդհանրապես հասարակական հարաբերությունները և սահմանել մեր պետության ապագայի տեսլականը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մարտի 27-ին Իրանում ստորագրվեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական, համագործակցության փաստաթուղթը։ Ըստ փաստաթղթի՝ Չինաստանը կիրականացնի 450 մլրդ դոլարի ներդրում, որը վերաբերում է տարբեր ոլորտների՝  մշակույթի, անվտանգային և ռազմական համագործակցության, տնտեսության, կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն։ Իրանագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է փոխվելու տարածաշրջանում, և Հայաստանն այդ ռազմավարական ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունի՞:

«Ըստ էության, մենք գործ ունենք չափազանց կարևոր երևույթի հետ: Դա ոչ միայն համաձայնագիր է, այլ ճանապարհային քարտեզ՝ գործողությունների ծրագրով, ժամանակացույցով և բոլոր բաղադրիչներով: Չինաստանի նախարարի այցը տարածաշրջանային էր, որովհետև տեղի ունեցան այցելություններ Թուրքիա, Պարսից ծոցի արաբական երկրներ, և այս իմաստով կարծես թե Չինաստանը փորձում է Մերձավոր Արևելքում հնարավոր վակուումը լրացնել իր ներկայությամբ՝ իր համար որպես հիմնասյուն դիտարկելով Իրանը: Այսինքն՝ միջազգային քննարկումներում կարծիք կա, որ ԱՄՆ-ը աստիճանաբար թողնում է Մերձավոր Արևելքը կամ չի ցանկանում եղածից ավելի ռեսուրսներ ծախսել՝ Մերձավոր Արևելքում զանազան խնդիրների վրա, ուստի տարածաշրջանում հնարավոր է ի հայտ գա արտատարածաշրջանային գերտերության պակասի լրացման անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ էլ չինացիները շարժվում են առաջ: Չինաստանը փորձում է հաստատվել Մերձավոր Արևելքում, ընդ որում՝ Հայաստանի դարպասներին չափազանց մոտ. Իրանը Հայաստանի հարևանն է, ուստի այս գործընթացին պետք է չափազանց ուշադրությամբ հետևենք և փորձենք գոնե մեր բաժինը ստանալ այդ հեռագնա ծրագրերից, որոնք նախանշված են իրանաչինական այս համաձայնությամբ»,- ի պատասխան՝ ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ Հայաստանի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր ենթադրում է առաջին քայլ, որը գործող իշխանությունների հեռանալն է. «Որևէ մեկը, որը կգա և կասի՝ ես ունեմ Հայաստանի ապագայի այս տեսլականը, որը պետք է իրականացնի այս իշխանությունը, խաբած կլինի մեզ, ինքն իրեն, որովհետև երկնքի կապույտ լինելու մեջ համոզվելու համար պարտադիր չէր շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Այս իշխանություններն այս եռամյա շրջանում ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտություն գրանցելու, որքան էլ դա պարադոքսալ թվա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս