«Դատական իշխանությունը, ստանալով իրական անկախություն, չարաշահեց այդ ազատությունը»․ Իմքայլական պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ մինչև համավարակի տարածումը Հայաստանում կար 8-9 տոկոս տնտեսական աճ։
«Այս տարվա առաջին եռամսյակում մենք կոնկրետ հարկային հավաքագրումների առումով ունենք աճ՝ այդ նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ տնտեսվարողներն ակտիվ գործունեություն են ծավալում, այլ հարց է, որ ընդհանուր տնտեսական հնրավորությունները, մասնավորապես՝ գնողականությունը, դեռ չի հասել այդ մակարդակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Գևորգյանը։
Անդրադառնալով ՍԴ-ի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու փաստին, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, պատգամավորն ասաց. «Դատական իշխանությունը՝ ստանալով իրական անկախություն, չարաշահեց այդ ազատությունը։
Ես վստահ չեմ, որ դատական իշխանության առանձին ներկայացուցիչներ անկախ են ընդհանուր առմամբ, նրանք անկախ են մեզանից, բայց չեմ պնդի, որ անկախ են այլ հանգամանքներից։
«Մարտի 1-ի» գործը բացահայտված է այնքանով, որքանով դա դատարան ներկայացված գործի մանրամասներն են։ Այնտեղ կան սարսափելի փաստեր, և այդ փաստերը ցույց են տալիս, թե ինչպես է տեղի ունեցել մարտի 1-ը։ Այլ հարց է, որ դատական քննարկումների փուլում արդեն երկու տարի գործն առաջ չի գնում փաստաբանների անընդհատ միջնորդությունների պատճառով։ Սակայն սա չի նշանակում, որ, օրինակ, պարկուճները չեն փոխանակվել»,- հավելեց Հայկ Գևորգյանը։
Նա նաև շեշտեց, թե միշտ ասել է, որ իշխանության ամենամեծ ձախողումը «չկանխատեսելն է եղել», երբ դատական իշխանությունն իրենցից ստանալով մեծ անկախություն՝ այն սկսել է չարաշահել։