Բաժիններ՝

«Ծերանոցի այդ աղմուկն անտեղի էր, որևէ հիմնավորում չկար». նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ Արցախի կառավարության հետ համատեղ այն գյուղական համայնքներում, որոնք ունեն հնարավոր ենթակառուցվածքներ, մանկապարտեզ, դպրոց, որոնք կարող են ավելի շատ բնակիչներ սպասարկել, քան այս պահին այդ գյուղում ապրում են, բնակելի տներ են կառուցվում։

«Մոտավորապես 9 հազար ընտանիք է հաշվառված, որոնց պետք է բնակարաններ տրամադրվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի քաղաքացիների կենսաթոշակային ու նպաստների վերաբերյալ բոլոր պարտավորությունները կատարվում են, և Արցախի այն քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, այստեղ են ստանում իրենց նպաստներն ու կենսաթոշակները։

Անդրադառնալով Նորքի տարեցների խնամքի տուն-ինտերնատի փակվելու մասին լուրերին, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նման բան չկա։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ բացառվում է, որ Նորքի ծերանոցի ծերերը տեղափոխվեն այլ վայր։ Այնտեղ շարունակում է աշխատել տնօրենը, որը երկար տարիներ աշխատում է։ Ծերանոցի այդ աղմուկն անտեղի էր, որևէ հիմնավորում չկար»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է պատերազմին մասնակցած անձանց վարկային պարտավորվածություններին, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ պատերազմի ընթացքում կառավարությունը նախաձեռնել էր Հարկային օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն էր տալիս բանկերին, առանց հավելյալ հարկային պարտավորվածությունների, արտոնություններ տալ վարկառուներին։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ մոտ 3 մլրդ դրամից ավելի վարկային պարտավորվածություններ արդեն ներվել է։ Իհարկե, չեմ բացառում, որ որոշ դեպքերում կարող է թերացումներ լինեն»,- շեշտեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս