Մեզ ժամանակ չտվեցին, որ ապրանքը կարողանայինք դուրս հանել. հադրութցի
Արցախի երկրորդ պատերազմի արդյունքում հայաթափվել է նաև Հադրութի շրջանի Հայկավան գյուղը, և մի շարք անօթևան բնակիչների թվում է նաև Ռոզա Արշակյանի ընտանիքը: Վերջինս իր 5 անչափահաս երեխաների և ամուսնու հետ այժմ վարձով բնակվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
«Հայկավանը լքել ենք սեպտեմբերի 27-ին: Բացի փաստաթղթերից, ոչ մի բան չենք կարողացել վերցնել մեզ հետ: Նոյեմբերի 10-ից հետո, ի տարբերություն մյուս շրջանների բնակիչների՝ մեզ ժամանակ չտվեցին, որ ապրանքը կարողանայինք դուրս հանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ռոզան:
Նրա փոխանցմամբ՝ օգտվել են ՀՀ կառավարության կողմից հատկացված սոցիալական աջակցության ծրագրից, ստացել են 300.000-ական դրամը, բայց ամուսինը՝ որպես պատերազմի մասնակից, չի ստացել իր հասանելիք գումարը, քանի որ անունը նշված չի եղել ցուցակում:
«Ամուսինս կամավոր մասնակցել է պատերազմին, բայց ոչ մի ծրագրից չի օգտվել, պատճառն այն է, որ մեր գյուղապետն անունը չի գրել, քանի որ խառը վիճակ է եղել: Մեզ ճանապարհելուց հետո ամուսինս գյուղապետին ասել է, որ գնում է կռիվ, անունը թող գրի, սակայն այդ խառնաշփոթի ժամանակ չի հասցրել գյուղապետը»,- պատմեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ իրենք դժվարությամբ են ապրում, իսկ Արցախում այդպես չի եղել:
«Արցախում ապրելը հեշտ էր… խնձորի այգի ունեի, ընկույզի ծառեր, և այլն: Մենակ 300 բանկա պահածո եմ այնտեղ թողել, եկել: Ամուսինս էլ վարորդ էր աշխատում, ու կարողանում էինք նորմալ ապրել, իսկ այստեղ շատ բարդ է: Եթե Եղնիկ գյուղում բանվորություն է պետք լինում անել, ամուսնուս զանգում են, գնում քար է բարձում, ու վերջ: 2-3 անգամ էլ քաղաքապետարանն է սնունդով օգնել: Հիմա ունենք աշխատանքի կարիք, երեխաները դպրոց են գնում՝ նրանց հագուստով ապահովելու, ինչպես նաև սնունդի կարիք»,- ասաց տիկին Ռոզան:
Ընտանիքին օգնել հնարավոր է «Արցախբանկ»-ի միջոցով, որը Ռոզա Արշակյանի անունով է՝ 9051350200196135 (քարտի համարը):