Ինչո՞ւ էր Էդմոն Մարուքյանը գնացել Արա Աբրահամյանի մոտ
Երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
168.am-ի տեղեկություններով՝ վերջինս շուրջ մեկ ժամ առաջ հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Թե որն է Հայաստան Արա Աբրահամյանի հրատապ այցի պատճառն ու Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման շարժառիթը, դեռ կփորձենք պարզել: Սակայն հնարավոր ընտրությունների նախաշեմին այսպիսի հանդիպումները պատահական չեն լինում:
Ի դեպ, մեզ ասացին, որ Էդմոն Մարուքյանն է գնացել Արա Աբրահամյանի մոտ: Դա կարող է վկայել այն մասին, որ հանդիպման նախաձեռնողը ԼՀԿ առաջնորդն է, սակայն չի բացառվում, որ պարզապես Արա Աբրահամյանն է այդ կերպ փորձել խուսափել հնարավոր արտահոսքից իր այցելության ու հատկապես՝ հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 4-ին 168.am-ում՝ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում, Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին: Կլինի՞ արդյոք Արա Աբրահամյան-Էդմոն Մարուքյան տանդեմ, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: