Բաժիններ՝

«Այս պահին բավականին մեծ պահանջարկ կա. պատվաստվելը կամավորության սկզբունքով է և անվճար». Նարեկ Զեյնալյան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ «Աստրա զենեկայի» վերաբերյալ բոլոր հրապարակումները պաշտոնական բնույթ չեն կրում։

«Եվրոպական միության դեղի գործակալությունը հստակ ֆիքսել է, որ կապը մահերի անմիջական պատճառի և պատվաստման հետ ապացուցված չէ։ Այո՛, որոշ երկրներ հրաժարվեցին այդ պատվաստանյութից, մի մասը տարիքային սահմանափակումներ մտցրեցին, եթե չեմ սխալվում՝ Կանադան հրաժարվեց ներարկել մինչև 50 տարեկան կանանց, 50-ից բարձր է ներարկում։ Գերմանիան սկզբից հրաժարվել էր, հետո նորից ընդունեց։ Այսօր Ռուսաստանի հետ բանակցությւոններ են ընթանում պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու համար։ 2000 չափաբաժին նվիրատվության տեսքով արդեն տրվել է  Հայաստանին, որը ներարկվել է ռիսկային խմբի անձանց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չհրաժարվեց «Աստրա զենեկա» պատվաստանյութից, որից բազմաթիվ մահացության դեպքեր են գրանցվել։

Նա նաև ընդգծեց, որ միաժամանակ Միասնական եվրոպական հարթակի հետ կա պայմանագիր, պայմանավորվածություն, արդեն փոխանցվել է նախնական գումար, մոտավորապես 800 մլն դրամի չափով, որպեսզի այնտեղից ևս պատվաստանյութեր տրամադրվի։

«Իրենք պատվաստանյութեր են տրամադրելու «Ֆայզեր», «Աստրա զենեկայի» և «Մուդեռնա» ֆիրմայի, այսինքն՝ այդ հարթակում գրանցված են այդ երեք պատվաստանյութերը։ Այս պահին բավականին մեծ պահանջարկ կա, մեծ հերթագրումներ կան պատվաստվելու համար։ Պատվաստվելը կամավորության սկզբունքով է, բնականաբար, բնակչության շրջանում պետք է այդ քարոզչությունը տանել, որ պատվաստումն է միակ միջոցը վիրուսի դեմ պայքարում»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը։

Նա նաև ընդգծեց, որ տեղեկություններ չունի այն խոսակցությունների վերաբերյալ, թե բարձրաստիճան այրերը, այդ թվում՝ Առողջապահության նախարարի մայրը պատվաստվել է ռուսական «Սպունիկ V» պատվաստանյութով։

«Ինքս չեմ պատվաստվել, քանի որ առաջին հերթին պատվաստվելու են ռիսկային խմբում գտնվող անձինք, խրոնիկական հիվանդները, բժիշկները, ոստիկանները։ Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատվաստումները լինեն անվճար, առայժմ վճարովի պատվաստումների մասին խոսք չկա։

Պատվաստանյութը տրամադրվում է պետությանը, և այն անվճար է իրականացնում պատվաստումը»,- շեշտեց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ ավելի նպատակահարմար է պատվաստանյութը ներկրել, քան Հայաստանում հիմնել ամբողջական հոսքագիծ ու պատվաստանյութ արտադրել։

«Մենք ըստ էության հաղթահարել ենք կորոնավիրուսի երկու ալիք, հիմա կարող ենք ասել, որ սա վիրուսի երրորդ ալիքն է։ Դիմակ բոլորը պետք է կրեն»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս