Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2012 մրցույթը բաց է բոլոր ոլորտների համար
Հեքըթոն[ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից: Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը ևառաջարկվող լուծման (ծրագրի) հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Բոլոր նրանք, ովքեր կարող են խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում ցանկացած հարթակի հիման վրա, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեն նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով հնարավորություն կստանան ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև ստանալ արժեքավոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություն և իհարկե` հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Ի տարբերություն նախորդ տարվա, երբ թեման սահմանափակվում էր Երևան քաղաքի խնդիրներով, այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը բաց է բոլոր ոլորտների համար:
Հիշեցնենք, որ 2011թ. կազմակերպվել էր Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից: Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկումԵրևան քաղաքի խնդիրներին: Հաղթող բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն ևֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից երկուսը միավորվել են և հիմնել BigBrain ընկերությունը, որը շարունակում է զբաղվել նորլուծումների մշակմամբ Kinect տեխնոլոգիայի հենքով, www.citybugs.am-ը գործարկվել է և հաջողությամբ գործում է Երևանի քաղաքապետարանիհետ համագործակցությամբ, Ինֆորմացիոն թռիչք մոբայլ հավելվածի նախագիծը հեքըթոնից հետո վերափոխվեց MyNews Mobile-ի, իրականացվեց և գործարկվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
www.4car.am-ը համատեղում է Հեքըթոնի մի քանի գաղափարներ և գործարկվել է ՀՀ պետավտոտեսչության և Nikita մոբայլ ընկերության հետ համագործակցությամբ:
Այս տարվա հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. դեկտեմբերի 9-ը: Դիմելու և մանրամասն տեղեկությունների համար այցելել www.micarmenia.am
Նշենք, որ Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվում է «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի շրջանակում, որը հանրային-մասնավոր համագործակցություն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:
Միջոցառման կազմակերպիչներ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, Մայքրոսոֆթ ԱրԷյ, Ձեռնարկությունների ինոկուբատոր հիմնադրամ, mLAB ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա և Հանրային լրագրության ակումբ: