Իշխան Սաղաթելյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Քոչարյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին լուրերը
Երեկ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի՝ կուսակցությունների դաշինք գլխավորելով:
«Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն երկու կուսակցություն, բայց դաշինքին անդամակցել ցանկացողներն ավելի շատ են»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ Քոչարյանի հայտարարությունը ու դրանից հետո ևս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե այդ կուսակցություններից մեկը ՀՅԴ-ն է: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մամուլում շրջանառվող այդ տեղեկությունը՝ ասելով, որ ՀՅԴ-ն դեռևս ընտրություններին մասնակցելու ֆորմատի վերաբերյալ որոշում չունի:
«ՀՅԴ-ն դեռ չունի որոշում` ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու… Այդ մասին պետք է հարցնեք պարոն Քոչարյանից: Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք: Մեկ անգամ ևս ասում եմ` մենք այս պահին դեռ որոշում չունենք: Նման հարցերը Դաշնակցության մեջ որոշվում են համապատասխան ժողովներով: Կունենանք այդ ժողովը, որոշումը կկայացնենք, ձեզ տեղյակ կպահենք»,- Սևանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, լավ կլինի այս «չարիքի կառավարությանը քշել մինչև ընտրությունները»՝ հավելելով, թե երբ Փաշինյանը հրաժարական տա, 14 օրվա ընթացքում այլ վարչապետ չառաջադրվի, խորհրդարանը լուծարվի, և նշանակվեն ընտրություններ, այդ ժամանակ կմտածեն ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելու մասին:
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողի փոխանցմամբ` շարժումն ունի իր օրակարգը, լինելու է մարզերում, Երևանում նախատեսում է կազմակերպել մեծ հանրահավաք:
Սաղաթելյանը չի բացառում, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են չկայանալ, ու, որ դրա պատճառ կարող է լինել անգամ կորոնավիրուսը: