Ադրբեջանը փորձելու է Փաշինյանին պահել իշխանության, Փաշինյանը Բաքվի լավագույն գործընկերն է. «Կոմերսանտ»-ի թղթակից

«Փաշինյանը Բաքվի լավագույն գործընկերն է»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում այս մասին ասաց «Կոմերսանտ» թերթի արտաքին քաղաքականության բաժնի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը:

Նրա խոսքով՝ ներկայումս կողմերը փորձում են խոսել միմյանց հետ, որում Մոսկվան միջնորդի դերակատարությունն է ստանձնել, ինչի պատճառով էլ դժգոհությունների մի մասն ուղղվում է Ռուսաստանին, քանի որ կողմերը չեն վստահում միմյանց, դիմում են Ռուսաստանին, դժգոհում միմյանցից, ինչպես եղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում: Միջազգայնագետի որակմամբ՝ գործընթացն ընդհանուր առմամբ բարդ է՝ շփումներ կան կողմերի միջև, ինչպես նաև կան կողմերի ճնշումները Մոսկվայի նկատմամբ։

«Մենք նաև հետևելու ենք, թե ինչպես է զարգանալու ընտրարշավը Հայաստանում: Ադրբեջանը փորձելու է Փաշինյանին պահել իշխանության: Այդ մասին արդեն փորձագետները բավականին բաց տեքստով են խոսում՝ Փաշինյանը Բաքվի լավագույն գործընկերն է այս հարցում, քան այլ մեկը»,- ասաց Կրիվոշեևը:

Հարցին, թե ինչպե՞ս կարտահայտվի Ադրբեջանի աջակցությունը Փաշինյանին, ռուսական թերթի թղթակիցը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական մեդիադաշտում կլինեն որոշ ակցիաներ: Այս ֆոնին նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հաստատեց Փաշինյանի խոսքերը ռուսական «Իսկանդեր» համակարգերի կիրառման հետ կապված:

«Ադրբեջանական ԶԼՄ-ներում ստիպված ես լինում կարդալ ծիծաղելի բաներ, որ Փաշինյանը օրինական, սահմանադրորեն ընտրված ղեկավար է, և հարց է առաջանում՝ չէ՞ որ նա սարսափելի է, հիմար է, խղճուկ է, ինչպես նրան պատերազմի ընթացքում էին ներկայացնում, սակայն պարզվում է, որ՝ ոչ, նա օրինական ընտրված ղեկավար է, արժանի է հարգանքի»,- ասաց Կրիվոշեևը:

Տեսանյութեր

Լրահոս