ԱԽ քարտուղարը կրկին խուսափեց պատասխանել՝ Թուրքիան թշնամի երկիր համարո՞ւմ է
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Եռաբլուրում այդպես էլ ուղիղ չպատասխանեց լրագրողների հարցերին, թե, ի վերջո, Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, թե՞ ոչ, կամ առհասարակ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանն ինչ շտկումներ պետք է մտցնի, որ ԱԽ քարտուղարն ասել էր իր հարցազրույցներից մեկում։
«Օրվա խորհրդից ելնելով՝ որևէ հարցի չեմ պատասխանի»,- կարճ պատասխան տվեց Արմեն Գրիգորյանը։
Թուրքիան, Ադրբեջանը կարո՞ղ են Հայաստանին բարեկամ լինել՝ հարցին էլ Արմեն Գրիգորյանն հրաժարվեց պատասխանել. «Ես արդեն պատասխանեցի Ձեզ։ Ես ուրիշ առիթով բոլոր հարցերին կպատասխանեմ»։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի պատասխան այն հարցին, թե Թուրքիային համարո՞ւմ է թշնամի, նշել էր, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։