«Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել՝ այն հայկական է». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան  նպատասկասլացորեն աշխատանք են տանում՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։

«Հիմնական նպատակն այն է, որպեսզի թուլացնեն ու ոչնչացնեն հայոց պետականությունը, սա մենք շատ լավ պետք է հասկանանք, ու հանկարծ իլյուզիաներով չտառապենք, վիրտուալ դաշտում չհայտնվենք։ Դրա համար կան տարբեր տեխնոլոգիաներ, ռազմի դաշտից բացի, հանրության մեջ փորձում են վհատություն, ներքին պառակտում սերմանել։ Կարմիր Շուկայի հարցի շահարկումը դրա տեխնոլոգիաների մի բաղադրիչներից է։ Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել, այն հայկական է, Արցախի Մարտունու շրջանի վարչական տարածքում է  գտնվում։ Որևէ նպատակ չկա այն տալու կամ հանձնելու Ադրբեջանին, չէր էլ կարող լինել»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը։

Արցախի արտգործնախարարն ընդգծել է նաև, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախից մնացած հատվածը գոնե պահպանվի։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, կոմունիկացիաների բացմանը, Դավիթ Բաբայանը նշել է, որ այդ ամենը պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում։

«Թուրքիան եղել է ու կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը։ Սա ես չեմ ասում, դրա մասին իրենք են հայտարարում, պաշտոնական Անկարայի, Բաքվի հայտարարություններն են, նաև գործողությունները։ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր դեմքը կրկին ցույց տվեց, հետևաբար՝ մենք պետք է շատ խելացի քաղաքականություն վարենք և երբևիցե չմոռանանք, թե ում հետ գործ ունենք։ Լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերությունները լավացնել և ի՞նչ գնով են ուզում լավացնել»,- շեշտել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս