Վրաստանում համընդհանուր պատվաստման գործընթացը հավանաբար կմեկնարկի հուլիսից
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ երկրում համընդհանուր պատվասումը տեղի կունենա, հավանաբար, հուլիսին: Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ըստ Գամկղրելիձեի՝ մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը:
«Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի քանի տեսակի պատվաստանյութ: Նախօրեին սկսել ենք աշխատել «Նովաքս» պատվաստանյութ ներկրելու պայմանագրի մշակման վրա: Սա ամերիկյան պատվաստանյութ է ու արտադրման ձևը նման չէ Astrazeneca, Pfizer, Moderna պատվաստանյութերին: Սրա հետ մեկտեղ, բացի «Կովաքս» հարթակից բանակցություններ ենք վարում «Սերում ինստիտուտի» հետ, հիմա քննարկում ենք մոտ միլիոն չափաբաժին «Կովաքս» ձեռք բերելու հարցը: Նաև, ծրագրում ենք հետագայում Pfizer ձեռք բերել ոչ թե «Կովաքս» հարթակի միջոցով, այլ միանգամից արտադրողից»,- նշել է Գամկղրելիձեն:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի կեսից: Այս փուլում պատվաստվում են բուժաշխատողներն ու 65-ից բարձր տարիքի անձինք: