«Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին». Նարեկ Զեյնալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալայանի խոսքով՝ Հայաստան է հասել կորոնավիրուսի պատվաստանյութ՝ մոտավորապես 24 հազար դեղաչափ, և արդեն սկսվել է պատվաստումների գործընթացը: Առնվազն հերթագրումներ են իրականացվում ռիսկային խմբերի անձանց, բժիշկների, խրոնիկական հիվանդություն ունեցող անձանց պատվաստելու համար:

«Միաժամանակ պահելով հակահամաճարակային բոլոր կանոնները, կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսային թվերի մեծացմանը զուգընթաց՝ ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել առաջիկա նախընտրական քարոզարշավը:

Դիտարկմանը՝ այս պահին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում մարզերում, որտեղ չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ Փաշինյանը քարոզարշավ չի իրականացնում:

«Դրանք ընդամենը վարչապետի այցելություններն են տարբեր մարզեր, քաղաքներ: Սա քարոզարշավ չէ: Կորոնավիրուսի թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, և դա պայմանավորված չի եղել վարչապետի այցելություններով դեպի մարզեր: Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը: Այս պահին 20  բուժհաստատություն կորոնավիրուսի բուժման գործընթացում է, պոլիկլինիկաներն ամբողջ թափով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները: Այստեղ բնակչության զգոնությունը ևս շատ կարևոր է»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թվերի մեծացմանը և արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկմանը, Արտակ Զեյնալյանն ասաց, որ կանխատեսումներ անելուց զերծ կմնա:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, այս պահին նման մտավախություն չկա, այս պահին շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին: Եթե թվերն աճեն, այդ պահին որոշում կկայացվի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս