Բաժիններ՝

Երբ կցանկանանք դառնալ որևէ դրական փոփոխության առիթ` հիշենք…

Ավետարանական այս հատվածն այն մասին է, որ ինչպես մեղքը մեկ մարդու՝ Ադամի միջոցով տարածվեց աշխարհում, այնպես էլ մեկ մարդու՝ Քրիստոսի միջոցով եկավ փրկությունը:

Ժողովրդական խոսքը թեև մեզ համոզում է, թե «մի ծաղկով գարուն չի գա», սակայն Քրիստոսի միջոցով մենք՝ քրիստոնյաներս տեսնում ենք ճիշտ հակառակը: Քրիստոս դարձավ խարիսխը փրկության: Նա իր կյանքով և անգամ մահով դարձավ հենց փրկություն բոլորի համար, ովքեր մեղքերի մեջ էին: «Ապա ուրեմն, ինչպես մեկ մարդու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության մատնվեցին, նույնպես և մեկի արդարությամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կյանքի արդարության շնորհին. որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան, նույնպես և մեկի հնազանդությամբ շատ արդարներ պիտի լինեն» (Հռոմ 5:18-19):

Շատերս այսօր մեր կյանքում ընդունում ենք առաջին՝ ոչ աստվածաշնչյան խոսքը՝ ասելով. «Չեմ կարող ինքս գործել, դառնալ առաջինը և փոխել ինչ-որ բան, քանզի, միևնույն է, անհնար է, որ մեկ հոգին փոփոխություն կարողանա անել»: Ինչո՞ւ ենք այսպես անում: Արդյոք մեղք չէ՞ տեսնել անարդարությունը և լռել այդ մասին՝ ոչինչ չանելով: Գուցե մեզ կաշկանդում է վախը: Իսկ ի՞նչ է այն, եթե ոչ չարի կողմից մտածված հերթական արգելքը՝ բարի գործերից ետ պահելու համար:

Հաղթահարե՛նք մեր վախերը, եթե դրանց հաջորդող նպատակը բարիք պիտի ստեղծի, եթե մեր նպատակը բարին է: Գործե՛նք չվախենալով, չերկմտելով, եթե մեր գործը բարի է: Չընկճվե՛նք, երբ կզգանք մեզ միայնակ այդ ճանապարհին, քանզի մշտապես մեզ հետ է և մեզ առաջնորդում է Աստված: Աղոթե՛նք անդադար, որպեսզի մեր գործը պսակվի հաջողությամբ:

Եվ երբ կցանկանանք դառնալ որևէ դրական փոփոխության առիթ, հիշենք այս երկու՝ Ադամի և Քրիստոսի օրինակները, որոնցից մեկը աշխարհ բերեց մեղքը, իսկ մյուսը՝ փրկությունը և շնորհները: Եվ քանի որ տեսնում ենք, որ մեկ մարդով հնարավոր է թե՛ մեղք, թե՛ փրկություն, ընտրե՛նք մեր ճանապարհը, մեր առաքելությունը: Ի՞նչ ենք ցանկանում ավելացնել աշխարհում:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս