Խաղի ընթացքում չի կարելի խաղի կանոնները փոխել: Դա նշանակում է ընտրությունների օրը կասկածի տակ դնել. Էդմոն Մարուքյան
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր խոսել է մինչև հունիսի 20-ի ընտրությունները Ընտրական օրենսգիրքը փոխելու՝ իշխանության ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հայտարարությունների ու փաստարկների մասին: Խոսքի սկզբում Մարուքյանը նախ հիշեցրել է, որ խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ ապրիլի կեսին կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ նրա, քանի որ արտահերթ ընտրությունների օրը նշանակված է՝ երկրում ստեղծված լարվածությունը նվազել է, ու քաղաքական միավորները պատրաստվում են ընտրություններին:
«Այս կոնսենսուսը կայացվելուց հետո մի քանի անգամ եղել է խոսակցություն, որ «ի՞նչ կարծիքի եք, եթե օրենսգիրքը փոխենք»: Մենք ասել ենք՝ օրենսգիրքը որ փոխվի էլ, ընտրության մասնակցության մեր որոշումը չի փոխվելու, որովհետև ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին, բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել: Բազմաթիվ փաստարկներ կարելի է բերել: Օրենսգիրքն ամբողջությամբ հում օրենսգիրք է, ամբողջությամբ հում: Եվ մենք առաջարկում ենք, որ այս հում օրենսգիրքը հիմա չընդունվի»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հումորակելու մասին իրենց պնդումները հիմնավորելու համար Մարուքյանը նշեց մի քանի էական, հիմնարար փաստարկ:
Առաջին բաղադրիչը, ըստ Մարուքյանի, գործող խաղի կանոնները փոխելն է, այլ կերպ ասած՝ ընտրությունների օր հայտարարելուց հետո օրենսգիրքը փոխելը: Մինչդեռ խորհրդարանական ուժերն արտահերթ ընտրությունների գնալու որոշում կայացրել են՝ հաշվի առնելով գործող խաղի կանոնները:
«Նոր խաղի կանոններն ընդունելը նշանակում է՝ ընտրությունների օրը կասկածի տակ դնել, հետևաբար՝ ճգնաժամը խորացնել երկրում, հետևաբար՝ այն կամքը, որ ճգնաժամն ուզում ենք լուծել, այդ կամքը կորչում է»,- նշեց Մարուքյանը:
Երկրորդ հանգամանքը, ըստ Մարուքյանի, Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծով առաջարկվող ամբողջական համամասնական ընտրակարգն է, որը, ըստ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարի, նշանակում է, որ կուսակցապետերն են նշանակելու պատգամավորներին, ժողովուրդն ընտրելու է կուսակցության, սակայն պատգամավորներին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ նշանակելու են կուսակցապետերը կամ կուսակցության խորհուրդը:
Մարուքյանն անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծով սահմանված կոալիցիա ձևավորելու սկզբունքին, կուսակցություններում առաջադրվող՝ հիմնականում երևանաբնակ պատգամավորներին: Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի՝ նախագիծը լոբբինգ են անում իրենց կյանքում քարոզարշավ չկազմակերպած ՀԿ սեկտորի ներկայացուցիչները:
«Եվ ամենավերջին փաստարկը: Եթե Ընտրական օրենսգիրքը բերվի, ու միաձայն «Իմ քայլը» ընդունի, դա կնշանակի, որ մեր հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են լցնելու դրանով, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ամսի 20-ին անում ենք ընտրություններ և ոչ մի բանի չենք միջամտում: Եվ մյուսը՝ նաև դրանով սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ: Առանց այդ էլ բազմաթիվ ուժեր են այդ լեգիտիմությունը դնում կասկածի տակ, այդ լեգիտիմությունը կասկածի տակ կդնեն նաև խորհրդարանական ուժերը, և ամբողջ ձևավորված կոնսենսուսը ջուրը կլցվի: Եվ այն հղի է նոր ճգնաժամով»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին ու գործող օրենսգրքի դեմ հանդես եկող իր գործընկերներին հորդորեց իրենց փաստարկները, թե գործող օրենսգիրքն անարդար է, կրիմինալ է, հավաքեն ու պահեն իրենց մոտ:
«Փող բաժանողը կարող է փող բաժանել, ասել՝ «ընտրեք այս կուսակցությանը», կրիմինալը կարող է ասել՝ «ընտրեք այս կուսակցությանը», անպայմա՞ն է մարդու անուն տա: Եթե դուք կրիմինալի դեմ չեք կարողանում պայքարել, կրիմինալի համար տարբերություն չկա՝ ասի՝ «ընտրեք X-ի՞ն, թե՞ ընտրեք X կուսակցությանը»,- ասաց Է. Մարուքյանը: