Ծառուկյան-Փաշինյան․ գաղտնի դաշինք

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։

Թեև Ծառուկյանը  բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ Փաշինյանին կհանդիպի միայն նրա հրաժարականի պայմանով, բայց վերջինս իր ավետաբեր տեքստում որևէ բառ չասաց հրաժարականի մասին։ Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը շտապեց գոհունակություն արտահայտել Փաշինյանի հետ հանդիպման ու արտահերթ ընտրությունների անցկացման որոշման կապակցությամբ։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ծառուկյանի սպասելիքները, և դրանք կապված չեն վարչապետի անհապաղ ու անվերապահ հրաժարականի հետ, ինչպես ներկայացվում էին։

Մեծ է հավանականությունը, որ նախկին կոալիցիոն գործընկերների միջև կայացել է նաև այլ պայմանավորվածություն, որի մասին չի հայտարարվում, ինչպես ասում են՝ հանդիսատեսի տրամադրությունը չգցելու համար։

Այդ պայմանավորվածությունը, կրկին մեծ հավանականությամբ, կարող է վերաբերել արտահերթ ընտրությունների անցկացման ընտրակարգին․ թեև կա տեսական հնարավորություն, որ Ընտրական օրենսգիրքը մինչև ընտրությունները կարող է փոխվել, սակայն, դատելով իշխանության ու ԲՀԿ-ական շրջանակների ազդակներից, դա տեղի չի ունենա, և ընտրությունները կանցկացվեն գործող՝ ռեյտինգային ընտրակարգով։ Հենց դա կարող էր լինել Գագիկ Ծառուկյանի գոհունակության պատճառը, քանի որ նրա «ընտրական պրակտիկային» ամենաշատը համապատասխանում է հենց ռեյտինգային համակարգը․ տեղական նշանակության ազդեցություն ունեցող դեմքերի առաջադրում՝ դրանից բխող բոլոր ֆինանսատնտեսական հետևանքներով։

Այլ խոսքով, Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ կարող էր պայմանավորվել ընտրությունները «հին ու բարի ժամանակների ավանդույթով» անցկացնելու շուրջ, ինչը, ի թիվս այլ բաղադրիչների՝ ենթադրում է նաև ընտրակաշառքի կամ դրան հավասարեցված այլ՝ ավելի ժամանակակից միջոցի կիրառում։

Պայմանավորվածություն, որը կարող է ձեռնտու լինել ոչ միայն Ծառուկյանին, այլ նաև Նիկոլ Փաշինյանին․ ԲՀԿ-ն կբաժանի իր բաժին ընտրակաշառքը, իշխանական օլիգարխիան՝ Փաշինյանի հասանելիքը։

Նիկոլ Փաշինյանն ունի ընտրությունների արդյունքներով գոնե կոալիցիա կազմելու միջոցով իշխանությունը պահպանելու գերնպատակ, քանի որ նրա համար պարտությունը կարող է նշանակել ավելին, քան միայն իշխանության կորուստը։ Այսինքն՝ այդ նպատակին հասնելու համար նա կարող է դիմել ցանկացած միջոցի, իսկ ընտրակաշառքը դրանցից ամենաարդյունավետն է։

Գագիկ Ծառուկյանն ունի խորհրդարանում գոնե իր ունեցած մասնաբաժինը պահպանելու, իսկ հնարավորության դեպքում՝ ավելացնելու խնդիր, որի լուծման համար նույնպես ընտրակաշառքը տարիների փորձով արդարացված միջոց է։ Այսինքն՝ այս հարցում Ծառուկյանի ու Փաշինյանի շահերը համընկնում են, ինչը նշանակում է, որ նրանք առնվազն այս իմաստով դաշնակիցներ են, որոնք կարող են խաղալ պայմանավորված մրցակցության կանոններով։

Արդյունքում, ինչպես ասում են, հա՛մ ոչխարները կուշտ կլինեն, հա՛մ գայլերը։
Հնարավոր է՝ նաև առյուծները։

Արշավիր Իշխանյան  

Տեսանյութեր

Լրահոս