Բաժիններ՝

Լսի, տղա ջան. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի արձագանքը

Հատկապես վերջին տարիներին մարզական խոշոր միջոցառումների կայքերը հնարավորություն են տալիս վայրկյան առ վայրկյան հետևել մարզական բոլոր միջոցառումների ընթացիկ արդյունքներին։ Սակայն կրկին դա չի վերաբերում Հայաստանում անցկացվող միջազգային մրցումներին։

Այսօր հնարավոր չէ օն-լայն ռեժիմով ծանոթանալ Երևանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքներին, քանի որ մրցումները չունեն առանձին կայք։ Այս մարզաձևն աշխարհում մեծ ժողովարդականություն է վայելում, և պատահական չէ, որ նույնիսկ երիտասարդական այս առաջնությանը Երևան են ժամանել մոտ 7 տասնյակ երկրների թիմեր։ Աֆրիկյան հեռավոր երկրներում նստած մարզական կայքերի լրագրողներն, ամենևին կարիք չունեին գալու Հայաստան՝ արդյունքներին ծանոթանալու համար։

Նախ զրուցեցինք մեր գործընկեր մարզական կայքերի լրագրողների հետ, որոնք ստիպված էին իրենց լրագրողներին ամբողջ օրը պահել մրցումների վայրում՝ ամեն մի արդյունքը ֆիքսելու համար։

Արդյունքների օն-լայն ռեժիմով ստանալու հնարավորության բացակայության մասին փորձեցինք զրուցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանատուների հետ։

Կարդացեք նաև

Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Զառա Օհանյանը հեռախոսազրույցում մեզ թելադրեց ֆեդերացիայի կայքի հասցեն, որտեղ օրվա արդյունքները բացակայում էին։ Նախ նա ասաց, որ հավատարմագրվեք, նոր խոսեք։ Հետո չլսելով, որ մենք ունենք գործընկեր կայքեր, ում միջոցով ստանում ենք հիմնական տեղեկությունները, նա հավելեց, որ արդյունքները կլինեն միայն օրվա վերջում։ Մեր զարմանքին, որ այդ կերպ մարզական խոշոր միջոցառումները լուսաբանվում էին 10 տարի առաջ, երբ համացանցը նոր էր զարգանում, և մեր մարզական պաշտոնական կայքերի աշխատանքը միջնադար է հիշեցնում, տիկին Օհանյանի արձագանքը ցնցող էր․«Լսի, տղա ջան…»։

Մի փոքր ուշքի գալով Երևանում խոշոր մարզական միջոցառումն ընդունած Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի առավել քան «ջերմ» պատասխանից՝ խնդրեցինք ճշտել, թե արդյոք նա իրոք մամուլի քարտուղարն է, ինչից հետո լսվեց վայրկյանում 17 բառ արտաբերող կնոջ խոսք, և ստիպված էինք անջատել հեռախոսը։

Րոպեներ անց մեզ զանգահարեց Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ում միջոցով մենք կապվել էինք մամուլի քարտուղար տիկնոջ հետ և ով անմիջական ականատեսն էր տիկնոջ պատասխանի։ Պարոն Գաբրիելյանը պարզաբանեց, որ թեպետ ֆեդերացիան ընդունել է միջոցառումը, բայց կազմակերպիչը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան է (AIBA), և առանց նրանց տրամադրած պաշտոնական արդյունքների ֆեդերացիան չի կարող հրապարակել դրանք։

Շնորհակալ ենք պարոն Գաբրիելյանին անմիջապես արձագանքելու համար, ինչն, իհարկե, մի փոքր մեղմեց տիկին մամուլի քարտուղարի հետ շփումից ստեղծված տպավորությունը։ Սակայն Ֆեդերացիայի ղեկավարությանը կոչ ենք անում և հորդորում՝ անմիջապես կարգի հրավիրել հասարակայնության հետ կապեր հաստատող պատասխանատուին կամ պաշտոնանկ անել նրան, որովհետև նման վերաբերմունքի, թերևս, կարող ես հանդիպել ամենուր, բայց ոչ մամուլի հետ շփման պատասխանատուի հետ զրուցելիս։

P.S. Մի պահ պատկերացնենք, որ Զամբիայի լրագրողը զանգում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա, ու այն հարցին, թե տիկին, իսկ ինչո՞ւ առաջնությունը կայք չունի, ի պատասխան լսում է՝ «Listen, you guy…»

Լուսանկարը` civilnet

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս