Չինաստանը պետք է ԿԺԴՀ-ին համոզի հրաժարվելու հրթիռա-միջուկային սպառազինություններից. Բլինկեն
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործելու իր ազդեցությունկը Փհենյանի վրա՝ նրան համոզելու համար հրաժարվելու հրթիռային եւ միջուկային զինանոցից: Մարտի 18-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սեուլում «2+2» ձեւաչավով կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ ճեպազրույցում, բանակցություններ, որոնց նաեւ մասնակցել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, իսկ հարավկորեական կողմից՝ արտգործնախարարության ղեկավար Չոն Իյ Յոնը եւ ազգային պաշտպանության նախարար Սո Ուկը։
«Չինաստանի օգտին է օգնություն ցույց տալու ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործում: Որովհետեւ դա անկայունության աղբյուր է, վտանգի աղբյուր է եւ սպառնալիք է մեզ եւ մեր գործընկերների համար»,- ընդգծել է Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ Պեկինը «հատուկ» հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ «վիթխարի» ազդեցություն նրա վրա:
«Հուսով եմ, որ անկախ այն բանից, թե մեզ ինչ է սպասում ապագայում, Չինաստանն արդյունավետ կօգտագործի այդ ազդեցությունը»,- ասել է Բլինկենը՝ Պեկինին կոչ անելով «լրիվ չափով» հետեւելու այն պատժամիջոցներին, որոնք ավելի վաղ ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Պետքարտուղարը նաեւ անդրադարձել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքներին՝ հասկանալ տալով, որ այդ հարցը կլինի հանգուցայիններից մեկը Վաշինգտոնի եւ Փհենյանի հարաբերություններում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի քաղաքացիների կյանքի բարելավման օգտին, որոնք, նրա պնդմամբ, «շարունակում են տուժել լայնորեն տարածված եւ սիստեմատիկ ռեպրեսիաներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: