«Այսօրվա իշխանության զգալի մասը նախանձով է նայում Հովհաննես Ազոյանին, որ նա դա գրել է, որովհետև իրենք նենց են ուզում էդ ասեն, բայց պաշտոնը թույլ չի տալիս». Դավիթ Սահակյանց
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Լևոն Արոնյանի Հայաստանից հեռանալու որոշմանը՝ ասաց, որ նրա պես մարդկանց նկատմամբ իշխանության վատ վերաբերմունքը մեկ քայլ է մեծ նպատակի իրագործման ճանապարհին:
«Կարծում եմ, որ լուրջ ծրագիր, ամեն ինչ անել, որ մարդ չդիմանա, իրերը հավաքի գնա այս երկրից, այլ կա ուրիշ նպատակ, կա նպատակ այս տարածաշրջանը վերածել վիլայեթի: Ռուսերեն խոսք կա՝ «лес рубят, щепки летят», այսինքն՝ անում են մի բան, որի ընթացքում կատարվում են նման պրոցեսներ, ինչը և Արոնյանի դեպքն էր, որն ինձ համար շատ ցավալի էր, որովհետև նման մարդիկ լքում են երկիրը: Ես որոշ չափով հասկանում եմ նրան, բայց ամեն դեպքում ինձ համար շատ դժվար է ընդունել այն փաստը, որ նա թողեց և գնաց»,- ասաց Սահակյանցը:
Մուլտիպլիկատորի պնդմամբ՝ պետք է ուժ գտնել, մնալ ու պայքարել, ամեն մեկն՝ իր տեղում, իր աշխատանքի մեջ: Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը նման մարդկանց ուշադրություն չի դարձնում, և արձագանք էլ չեղավ նրանց կողմից, Սահակյանցը պատասխանեց.
«Իշխանությանը ես ընդհանրապես հաշվի չեմ առնում, ինձ համար պարզ է, թե ինչ են անում, դա վիլայեթի վերածելու մեծ պրոյեկտն է, որ պետք է իրականացնեն»:
Դավիթ Սահակյանցը պնդեց, որ մենք այս պատերազմում էլ կհաղթեինք, ինչպես Արցախյան առաջին պատերազմում, եթե չլիներ դավաճանություն:
«Այնպես ստացվեց, որ քանի տղերքը կռվում էին, մեր ներսում աճում էին ու զարգանում ու լեզուները բերան էին դնում մարդիկ, ովքեր պսևդոխաղաղություն են քարոզում, ուրախանում են Ալիևի ժպիտի վրա: Սարսափում ես, բայց ես հասկանում եմ, որ եթե ես այսօր հանձնվեմ, կդավաճանեմ ինձ՝ 15 տարեկանում, որը Անդրանիկի նկարն էր գնում ու կախում էր իր տան պատից»,- ասաց Սահակյանցը:
Մուլտիպլիկատորը պատմեց, որ հաճախ նմանություն է տեսնում ընդդիմության և իշխանության պահվածքում, ապա պարզաբանեց իր տեսակետը, թե ընդդիմությունը մտածում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել «շուստրիությամբ», ապա իրենք էլ կարող են այդպես անել:
«Շատ ավելի պարզ ու ազնիվ է պետք լինել և վերջիվերջո հասկանալ, որ ամեն օր մենք մոտեցնում ենք մեր երկրի կորստի օրը: Մենք պատասխան ենք տալու անդրանիկների և մյուսների առջև»,- ասաց Սահակյանցը:
Մուլտիպլիկատորը, չնայած իր նշած հանգամանքին, գնում է ցույցերի: Իր խոսքով՝ նպատակն այն է, որ թշնամին չմտնի մեր հայրենիք:
«Ես գնում եմ ցույցերի, որ կանգ առնի թշնամին, որ սապոգներով մտնում է Սյունիք և պատրաստ կանգնած է մյուս սահմանին՝ Թուրքիայի տեսքով, և փորձում է ներխուժել մեզ մոտ, ավերել, վերածել վիլայեթի այս ամենը, ինչ կա»:
Անդրադառնալով դերասան Հովհաննես Ազոյանի երեկվա «հերոսությանը»՝ Սահակյանցը վստահություն հայտնեց, որ կան մարդիկ, որոնք համաձայն են Ազոյանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սոցցանցային իր պաշտոնական էջում լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից։ Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։ Դերասան, Նիկոլ Փաշինյանի աջակից Հովհաննես Ազոյանն այդ լուսանկարի տակ անգլերենով գրել էր.
«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։
«Համոզված եմ, որ այսօրվա կառավարության, իշխանության զգալի մասը նախանձով է նայում Հովհաննես Ազոյանին, որ նա դա գրել է, որովհետև իրենք նենց են ուզում էդ ասեն, բայց պաշտոնը թույլ չի տալիս, ասում էլ են, բայց մի քիչ ավելի քողարկված, օրինակ՝ «խի՞ եք խառնվել իրար, Շուշին մերը չէր, Սյունիքն էլ դե ոչինչ, մի օր կկշտանա վերջը Ալիևը, Տավուշն էլ ոչինչ»»,- ասաց Սահակյանցը: