«Վերջին տարբերակ՝  Փաշինյանը կարող է Էրդողանին խնդրել՝ զորքեր մտցնել այստեղ». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը վստահ է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ինքնուրույն խաղացող չէ և իրավիճակային խոշոր խաղացողներից մեկի կամ երկուսի ներկայացուցիչն է:

«Ինձ համար նա միանշանակ փաշինյանական չէ, բայց փորձում է պղտոր ջրում ձուկ բռնել և մաքսիմալ օգտվելով իրավիճակից, որ իրենից ինչ-որ բան կախված է՝ որպես պառլամենտական ֆրակցիա, փորձում է կա՛մ ապահովել իր քաղաքական ապագան, կա՛մ մաքսիմալ օգուտներ քաղել այս անորոշ իրավիճակից: Ես համարյա թե համոզված եմ, որ, եթե այս պահին լինեն խորհրդարանական ընտրություններ, ինքն այլևս չի հայտնվելու խորհրդարանում, կամ, եթե հայտնվի, շատ քիչ տոկոսով: Այլևս երբեք «Լուսավոր Հայաստանը» 17 մանդատ չի ունենա Ազգային ժողովում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ԼՀԿ դիրքորոշումը, ասել է. «Մեզ համար մինչև հունիսի 1-ն ընտրությունները պետք է ավարտված լինեն, դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է խորհրդարանի լուծարման գործընթացը մեկնարկի»:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Էդմոն Մարուքյանը շանս ունի դառնալու հաջորդ իշխանություն միայն այն պարագայում, եթե պայմանավորվի Նիկոլ Փաշինյանի հետ, որ որպես միջանկյալ տարբերակ՝ ապահովելով Փաշինյանի անվտանգությունը, ուղղակի միանա «Իմ քայլին» և դառնա ժամանակավոր վարչապետ. «Այդ տարբերակը Փաշինյանի անվտանգության երաշխիքներից մեկն է: Էդմոն Մարուքյանը, չլինելով փաշինյանական, բայց չլինելով նաև իրական ընդդիմադիր, ուղղակի այդպիսի մի տարբերակ է Փաշինյանի համար, որ Մարուքյանի վարչապետ դառնալով՝ Փաշինյանը ստանում է ժամանակավոր անվտանգության երաշխիք՝ մինչև արտահերթ ընտրությունները»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարության բովանդակությանը, նա նշեց, որ Մարուքյանի շուրթերով պահանջներ են դրվում Նիկոլ Փաշինյանի առջև. «Ընդհանրապես, եթե հետևեք քաղաքական դաշտին, կան գործող անձինք, որոնք հանդիսանում են խոշոր, գեոպոլիտիկ ուժերի խոսնակները, Էդմոն Մարուքյանը այդպիսի անձանցից մեկն է: Մարուքյանն արտահայտում է այն, ինչը պետք է լսի Փաշինյանը»:

Ըստ նրա՝ «Հայրենիքի փրկության կոմիտեն» այս պահին այն գործիքներից է, որով Փաշինյանին պարտադրվում է գնալ արտահերթ ընտրությունների. ««Հայրենիքի փրկության շարժման» մեծ մասն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների: Դեմ արտահայտվողներ կան, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ-ն, որոնք ասում են, թե այս իրավիճակում չպետք է գնալ, բայց ես հույս ունեմ, որ ինչպես իրենք միավորվել են մի ընդհանուր նպատակի շուրջ, այդպես էլ առնվազն իրար չեն խանգարի, եթե որոշվի արտահերթ ընտրությունների գնալ: Կամ՝ եթե ՀՀԿ-ն որոշի չմասնակցել, առնվազն իր ռեսուրսով կաջակցի նրանց, ովքեր ուզում են մասնակցել և հաղթել ընտրություններում: «Հայրենիքի փրկության կոմիտեն» ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար»:

Դիտարկմանը՝ ընդդիմությունն ասում է, որ, եթե Փաշինյանի իշխանության օրոք անցկացվեն արտահերթ ընտրություններ, նա կօգտագործի վարչական և ֆինանսական լծակներ, կկեղծի ընտրությունները և կվերընտրվի, նա արձագանքեց.

«Եթե որոշ քաղաքական ուժեր իրարից նեղանան, իրար խանգարեն, պասիվություն ցուցաբերեն, իրենց ռեսուրսներով չօգնեն, պարզ է, որ այդ վերընտրվելու հնարավորությունը կա: Ես հուսով եմ, որ այդպիսի բան չի լինի, և ինչպես կարողացել են վերջին 4-5 ամիսն ինչ-որ գործողություններ անել, գերնպատակը պետք է լինի՝ ոչ թե ով կլինի հաջորդ վարչապետ, այլ, որ Փաշինյանից պետք է ազատվել, որովհետև Փաշինյանի յուրաքանչյուր օրը՝ իշխանության ղեկին, նշանակում է՝ Հայաստանի համար խնդիրներ առաջացնել: Պարտված մարդու հոգեբանությամբ ղեկավար ունենալը վնասում է մեր երկրին: Նիկոլ Փաշինյանը փորձելու է կեղծել ընտրությունները, բայց չի ստացվելու:

Սովորաբար, երբ հեղափոխություններ կամ իշխանափոխություններ են լինում, այդտեղ ժողովրդական զանգվածների ներդրումը համարյա թե զրոյական է, նույնիսկ, եթե 100-200 հազար մարդ կա փողոցում: Պետությունը կազմավորում են էլիտաները՝ ռազմական, տնտեսական, ուժային, մտավորական, եկեղեցական: Եթե այդ էլիտաներն իրար հետ համահունչ չեն, կամ ունեն ինչ-որ խնդիրներ, կամ էլիտաների մի մասը դուրս է գալիս իշխանության ենթակայության տակից, այդտեղ իշխանափոխությունը շատ արագ կատարվում է: Ներկա պահին մենք ունենք հենց այդպիսի իրավիճակ»:

Տիգրան Քոչարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանին չեն ենթարկվում Հանրապետության նախագահը, բանակը, տարբեր քաղաքապետեր և այլք. «Դա նշանակում է, որ ճգնաժամը կա, և այն խորանում է, և եթե այսպես շարունակվի, շատ հավանական է՝ ԱԳՆ-ն էլ չենթարկվի, մի օր Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ չենթարկվեն: Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, և վերջին տարբերակը, իր մտքով կարող է անցնել Էրդողանին խնդրել՝ զորքեր մտցնել այստեղ՝ իրեն պահելու համար, որովհետև բոլոր նախադրյալները՝ իր հեռանալու, արդեն երկրում ստեղծված են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս