«Այս տաղավարից ուզում եմ հնչեցնել նախազգուշացում կառավարությանը». Աշոտ Բարսեղյան
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ առողջապահության նախարարի հայտարարած կորոնավիրուսի դեպքերի հանկարծակի տասնապատիկ աճն ուղիղ կապ ունի քաղաքականության հետ:
«Ես և իմ բազում գործընկերներ այստեղ տեսնում ենք բացառապես քաղաքական ենթատեքստ՝ հասարակական ընդվզումները կառավարությունը փորձում է սաստել առողջապահական միջոցներով, և որպես փրկօղակ՝ գտել է COVID-19-ի թվերի արհեստական բարձրացման ճանապարհը: Այս տաղավարից ուզում եմ հնչեցնել նախազգուշացում կառավարությանը՝ չխառնել քաղաքականությունը և իրենց ղեկավարած ոլորտները և մնալ մասնագիտական դաշտում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ գրեթե ոչ մի նախարար իր ունակություններով և հմտություններով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին.
«Բայց գոնե փորձենք բարոյականության սահմանները չհատել և մնալ առողջապահական դաշտում և տնտեսական դաշտում: Առողջապահության նորանշանակ նախարարը բազմիցս վստահեցրել է հասարակությանը, որ ինքը դրածո է և չի տիրապետում իր ոլորտին: Էկոնոմիկայի նախարար պարոն Քերոբյանին, որը վերջերս ինձ արգելափակեց Ֆեյսբուքում՝ մի երկու անհարմար հարցի համար, չնայած, որ մենք 20 տարվա ընկերներ ենք, ևս կոչ եմ անում չխառնել քաղաքականությունը և զբաղեցրած պաշտոնը: Աղջիկներ և տղաներ, հիշեք, որ դուք զբաղեցնում եք պետական պաշտոն, ունեք պարտավորություններ և պարտականություններ հասարակության առջև: Մենք պատրաստ չենք ևս մեկ լոքդաունի:
Հիմա ամեն ինչ բարենպաստ է, որ հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտները սկսեն գարնանային սեզոնը, և ոչ ոք թող չփորձի այս մեր սեզոնի ստարտը խանգարել, որովհետև այո, իսկապես, բիզնեսի ֆինանսական ռեսուրսները սպառված են, մեր ոլորտի բիզնեսմենները իրենց սեփական միջոցներից են պահել իրենց բիզնեսները՝ այս մեկ տարվա ընթացքում: Կորոնավիրուսի սահմանափակումները, հետո՝ պատերազմը, սպառեցին մեր միջոցները և մենք ի վիճակի չենք սեփական միջոցներից, նաև՝ վարկային միջոցներով սպասարկել ևս մեկ սահմանափակումների փուլ: Առավել ևս, որ այդ սահմանափակումները կրում են քաղաքական բնույթ և հետապնդում են մեկ նպատակ՝ սանձել հասարակական ընդվզումը գործող կառավարության դեմ»:
Նրա խոսքով՝ երկրին անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, որը կփորձի միավորել պառակտված ազգին. «Մենք տեսնում ենք քաղաքականացվածություն՝ յուրաքանչյուր ոլորտում: Սա իմ վաղեմի հնչեցրած նախազգուշացումներից էր, որ բոլոր ոլորտները զերծ պահեն քաղաքականացվածությունից: Այս կառավարությունը քաղաքականացրել է մեր կյանքի բոլոր ասպեկտները՝ հասարակական, տնտեսական, նույնիսկ՝ մշակութային:
Մենք տեսնում ենք խորը պառակտվածություն ամբողջ ազգի մեջ: Իմ համոզմամբ՝ երկրին հարկավոր է ուժեղ ղեկավար, որը կմիավորի և կառաջնորդի ազգը և պետությունը: Մեր հասարակական կազմակերպությունը միացել էր այն կոչին, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, և ազգային միասնական կառավարություն պետք է ձևավորվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում