Բաժիններ՝

ՀՅԴ-ին հետաքրքրում է արագաչափեր տրամադրող «Սեքյուրիթի Ղրիմ» ՍՊԸ-ն

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվող արագաչափ սարքերի խնդրով պայմանավորված` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը գրավոր հարցադրում է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի պահանջների կատարման և ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա այդ օրենքի կիրարկման ազդեցության մասին հարցապնդման հեղինակներին, մասնավորապես, հետաքրրքել է տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերի ձեռքբերումը, տեղադրումը, շահագործումը, սպասարկումը և վերանորոգումն իրականացնող «Սեքյուրիթի Ղրիմ» ՍՊԸ-ն:

Ճանապարհային ոստիկանության ծառայության և հիշյալ ընկերության միջև 2011 թ.-ի հունիսի 13-ին կնքված գնման պայմանագրով, որի  գործողության ժամկետ է սահմանվել 2036 թ.-ի դեկտեմբերի 30-ը, նախատեսվել է, որ պայմանագրի գործողության առաջին յոթ տարվա ընթացքում համապատասխան սարքերի ձեռքբերման, տեղադրման, շահագործման, սպասարկման և նորոգման համար ընկերությանը կվճարվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արդյունքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 70 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9 մլն 849 հազար 562 եվրոյին համարժեք դրամ, իսկ պայմանագրի գործողության մնացած 19 տարվա ընթացքում մատուցվող ծառայությունների (առանց սարքերի ձեռքբերման և տեղադրման արժեքի) համար՝ փաստացի գանձված գումարների 50-70 տոկոսը:

Ըստ ՀՅԴ-ի, 2012 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է 294 474 որոշում և նշանակվել է 3 մլրդ 290 մլն 194 հազար դրամի տուգանք, որից ընկերությանը վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 4 մլն 429 հազար100 եվրո: Այսինքն` 2012 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությանը վճարվելու է պայմանագրի ընդհանուր գնի շուրջ 45 %-ը:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի շրջանակներում համապատասխան սարքավորումների տեղադրման և շահագործման պայմանագրի կնքման գործընթացը, պայմանագրի կատարումը, այդ սարքավորումների միջոցով արձանագրված խախտումները, նշանակված և հավաքագրված տուգանքների չափերը և ընդհանրապես նշված օրենքի կատարումը և ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա այդ օրենքի կիրարկման ազդեցությունն ուսումնասիրելու և, անհրաժեշտության դեպքում, ՀՀ Ազգային ժողովում քննարկելու նպատակով ՀՀ կառավարությունից ԱԺ ՀՅԴ խմբակցությունն ակնկալում է իր հարցերի պատասխանների ստացումը:

ՀՅԴ-ին, մասնավորապես, հետաքրքրում է.

– Ի՞նչ ընթացակարգով է կնքվել վերոհիշյալ պայմանագիրը, ինչքա՞ն է եղել նշված սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը, որ կազմակերպություններն (ներառյալ ֆիզիկական անձինք) են մասնակցել գնման ընթացակարգին և ի՞նչ գներ են առաջարկել, ի՞նչ հիմքով են մերժվել մասնակիցների կողմից ներկայացված հայտերը:

– Ե՞րբ է հիմնադրվել «Սեքյուրիթի Ղրիմ» ՍՊ ընկերությունը, համապատասխան ոլորտում գործունեություն ծավալելու քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունի, և պայմանագիրը կնքելու պահին ինչքա՞ն են կազմել ընկերության ակտիվները և պարտավորությունները:

-Քանի՞ փոփոխություն է իրականացվել կնքված պայմանագրում:

-01.12.12 թ.-ի դրությամբ ի՞նչ համակարգեր են ստեղծվել, քանի՞ սարք է տեղադրվել, և ի՞նչ ծառայություններ են մատուցվել, ինչպես նաև մինչև տարեվերջ ի՞նչ միջոցառումներ է նախատեսվում իրականացնել:

– Ի՞նչ պատճառաբանությամբ, հաշվարկով և հիմքով է պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել մինչև 2036 թ.-ի դեկտեմբերի 30-ը, այն դեպքում, երբ դրանց տեղադրումն ավարտվում է 2017 թ.-ին և միայն 2012 թ.-ի 9 ամիսների ընթացքում ընկերությանն արդեն իսկ վճարվելու է պայմանագրի ընդհանուր գնի շուրջ 45 %-ը:

– Ինչքանո՞վ է արժանահավատ և հիմնավոր պայմանագրի գործողության մնացած ժամկետում (19 տարի) մատուցվող ծառայությունների (առանց սարքերի ձեռքբերման և տեղադրման արժեքի) համար կատարողին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 50-70 տոկոսի վճարման սահմանումը (առանց ընդհանուր գումարը նշելու)՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արդյունքում 2012 թ.-ի փաստացի գանձված գումարները:

– Ե՞րբ և ո՞ւմ կողմից է իրականացվել պայմանագրի գնի հիմնավորվածության և արժանահավատության փորձաքննություն և շուկայական գնի համեմատություն:

– Մինչև սարքերի տեղադրումը և տեղադրումից հետո համապատասխան տարածքներում ճանապարհատրանսպորտային վթարների քանի՞ դեպք է տեղի ունեցել, այդ վթարներում քանի մարդ է տուժել և մահվան քանի ելք է արձանագրվել:

–  01.12.12 թ.-ի դրությամբ նշված սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոների խախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ինչքա՞ն տուգանք է նշանակվել և դրանց որ մասն է վճարվել:

– 2010 և 2011 թվականներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ինչքա՞ն տուգանք է նշանակվել և դրանց որ մասն է վճարվել:

yerkir.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս