Ընդդեմ Ռ. Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը նշանակվեց
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Նախորդ՝ նոյեմբերի 14-ի նախնական դատական նիստը տեղի չէր ունեցել դատավորի հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները: