Տիգրան Առաքելյանին մերժեցին

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն, ըստ «Փաստինֆոյի»՝ գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:

Դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը բացակայում էր: Նիստին ներկա էր դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Համբարձումյանի և առաջատար մասնագետ Հասմիկ Սարդարյանի:

Հիշեցնենք, որ ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը վիճարկում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների, 302-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Վիճարկվող դրույթները վերաբերում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառելու դատարանի իրավունքին:

Տ.Առաքելյանն օգոստոսի 14-ին դիմել էր ՍԴ` խնդրելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել դատարանի կողմից կիրառվող սանկցիաներին վերաբերող վերոհիշյալ դրույթները: Դիմողի կարծիքով, վիճարկվող նորմերի կիրառմամբ ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելն ինքնին չի կարող համատեղելի լինել արդարադատության առանց խոչընդոտի իրականացման կամ արդարադատության հեղինակության պաշտպանության նպատակի հետ:

Տեսանյութեր

Լրահոս