«Ամանորին ձվի ներկրում չի լինի»

«Ամոթ է, որ այսօրվա վիճակով մենք հավի մսի 75 տոկոսը ներկրում ենք տարբեր երկրներից, այդ թվում Բրազիլիայից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա՝ հավի մսի պահանջարկի հարցը Հայաստանը պետք է լուծեր տեղական արտադրողներ հաշվին:

«Թռչնաբուծությունն առանձնահատուկ, սպեցիֆիկ ճյուղ է, շատ յուրահատուկ: Ներդրած միջոցներն այստեղ ամենաարարգ կերպով պտտվում ու վերադառնում են: Դրանից ելնելով՝ հետևում է, որ մեր երկիրը պետք է արագ յուրացներ, մակարդակը բարձրացներ և ապահովեր խնդիրները: Ե´վ թռչնամսով, և´ ձվով մենք պետք է ապահովված լինեինք: Ամոթ է, որ այսօրվա վիճակով մենք հավի մսի 75 տոկոսը ներկրում ենք տարբեր երկրներից, այդ թվում Բրազիլիայից, երկրագնդի մյուս կողմից՝ չունենալով երկաթգիծ: Սա խոսում է մեր տնտեսական քաղաքականության, մեղմ ասած՝ թերի ուղղվածության մասին»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Արմեն Պողոսյանի հաղորդմամբ՝ թռչնաբույծները վստահեցնում են, որ Ամանորին անցյալ տարվա նման ձվի գնի թռիչք չի լինի, չի լինի նաև ձվի դիֆիցիտ:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ ձվի պահանջարկը 2,5 անգամ մեծանում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 25-30 ընկած ժամանակահատվածում:

«Այս տարի, իմ կարծիքով, շուկայում աժիոտաժ չի լինի, տեղական արտադրողները, իմ կարծիքով, կապահովեն պահանջարկը, ներկրում չի լինի»,- ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս