Բաժիններ՝

Չնայած ՍԴ որոշմանը` ՄԻՊ-ը շարունակում է բողոքներ ստանալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է բողոքներ ստանալ` կապված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ: Այդ մասին Pastinfo.am-ին տեղեկացրել է ՄԻՊ-ի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել էր Սահմանադրական դատարան` վիճարկելով օրենքի որոշ դրույթներ` համաձայն որոնց ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիները պարտավորվում են տարեկան առնվազն մեկ անգամ իրենց ողջ լինելու մասին տեղեկանք ներկայացնել, որը պետք է հաստատված լինի միայն ՀՀ-ում նոտարական գործունեություն իրականացնող նոտարի կողմից կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ` իրենց ողջ լինելու մասին: Եվ միայն այդ պարագայում քաղաքացին կարող է ստանալ կենսաթոշակ:

Մինչդեռ ՀՀ-ն 1993թ. մայիսի 24-ին միացել է Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիային, որին անդամակցում է 103 պետություն:

Այս կոնվենցիային անդամակցությամբ Հայաստանը պարտավորվել է փոխադարձաբար օրինականացումից ազատել մյուս պայմանավորվող պետությունների տարածքում տրված և Հայաստանում ներկայացվող պաշտոնական, այդ թվում` նոտարական  փաստաթղթերը:

«Հայաստանը պետք է ընդունի այդ կոնվենցիայի անդամ պետության նոտարից ստացած փաստաթուղթն առանց կրկին վավերացնելու պահանջի: ՍԴ-ն հաստատեց, որ քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաև դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակին»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՄԻՊ ներկայացուցիչը: Սակայն չնայած ՍԴ որոշմանը` ՄԻՊ գրասենյակը շարունակում է բողոքներ ստանալ քաղաքացիներից նույն խնդրի առնչությամբ: Այսինքն գործնականում այն մոտեցումը, որ ըստ ՍԴ-ի չէր համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, դեռ չի բացառվել:

«Ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է: Եթե ՍԴ մեկնաբանությունները չեն պահպանվում համապատասխան շահագրգիռ մարմինների կողմից, ապա դա համարվում է պատասխանատվություն առաջացնող արարք»,- նշել է Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով` այս հարցն այժմ քննարկման փուլում է:

Առաջիկայում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այլ դրույթների հետ կապված կրկին գործ է քննվելու ՍԴ-ում, որտեղ, ՄԻՊ ներկայացուցչի խոսքով, հնարավոր է անդրադարձ կատարվի նաև այն հարցին, որ չնայած ՍԴ-ի դիրքորոշմանը` պրակտիկայում ոչինչ չի փոխվել:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս