Ինչո՞ւ են Ռուսաստանի հայերը հիասթափվել Փաշինյանից. Դավիթ Տոնոյանը պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը պատերազմի օրերից մինչև հիմա շարունակում է օգնություն ուղարկել բանակին, տեղահանված ընտանիքներին, զոհված զինծառայողների ընտանիքներին:

168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ պատերազմի ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով օգնություն են ուղարկել. «Ամենաթեժ պահերին ինքս չեմ եղել առաջնագծում, չհաշված՝ Քարվաճառի ուղղությունը, մի քանի պատճառով՝ առաջինը՝ տեղանքին այդքան էլ ծանոթ չէի, չունեի կոմունիկացիան, այսինքն՝ երկար տարիներ այստեղ չեմ բնակվել և փորձում էի ամբողջը հենց պատերազմի ժամանակ կազմակերպել: Ունեինք կամավորների մեծ թիմ, ովքեր այդ ամբողջ առաքելությունն իրենց վրա էին վերցրել և ամենաթեժ կետեր հասցնում էին: Դեռ Մոսկվայում գտնվելու պահից, երբ ցուցակները ստանում էինք պատկան մարմիններից և անձամբ զինվորականներից, հիմնականում կար զրահաբաճկոնների, կասկաների պակաս, այն ամենը, ինչ զինվորին պետք է ծառայության ժամանակ, հատկապես՝ պատերազմի ժամանակ»:

Նա նշեց, որ իրենց նախաձեռնության կողմից տրամադրված օգնությունն ամբողջովին տեղ է հասել. «Անձամբ մեր կամավորների միջոցով հասցնում էինք առաջնագիծ, նույնիսկ զորամասեր չէր գնում, այլ միանգամից այդ ամբողջը գնում էր առաջնագիծ»:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ տեղյակ է այն դեպքերից, երբ այլ նախաձեռնությունների կողմից ուղարկվող օգնությունները տեղ չեն հասել. «Գոնե Ռուսաստանի հայության շրջանակներում այդ խնդիրները շատ են եղել»:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջ, երբ հերթական բեռն էին տեղափոխում Արցախ, նախօրոք Երևանում Արցախի ներկայացուցչության կողմից տեղեկացվել են, որ պետք է, այսպես ասած՝ վիզա ստանան՝ Արցախ մուտք գործելու համար, քանի որ խմբում եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ. «Սահմանապահ կետում հարցեր առաջացան, այսինքն՝ կամ իրենք ամբողջ ինֆորմացիան չունեին, կամ նոր օրենքներ են դուրս եկել՝ մեր վիզա ստանալուց մինչև Բերձոր հասնելու պահը, որովհետև ծառայողներից մեկը հայտարարեց, որ մեր ստացած վիզան ուժ չի ներկայացնում, քանի որ թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից, ինչին մենք պատասխանեցինք, որ կարգն այս պահին այսպիսին է, եղել է պաշտոնական հայտարարություն և՛ Արցախի ԱԳՆ-ի կողմից, և՛ Հայաստանի պատկան մարմինների կողմից, որ կա կոնկրետ ձև՝ ինչպես ստանալ թույլտվություն՝ Արցախ մեկնելիս: Մենք անցանք, բայց եղել են դեպքեր, երբ այլ երկրի քաղաքացիներ ունեցել են խնդիր՝ Արցախ մտնելիս, բայց չեմ կարող պնդել՝ թույլտվությունը պետք է ստանան երրո՞րդ կողմից, թե՞ ոչ»:

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահի խոսքով՝ 2018թ. հետո Հայաստանի ինքնիշխանությունը ոչ թե ավելացել, այլ նվազել է. «Եթե մենք ունեինք ինքնիշխանություն, ապա հաստատ այսօր այն ավելի նվազել է»:

Հարցին՝ նկատում ենք, որ Ռուսաստանի հայությունը լուրջ դժգոհություններ, հիասթափություններ ունի Փաշինյանից և նրա կառավարությունից. միայն պատերազմն ու մարդկային, տարածքային դաժան կորուստնե՞րն են պատճառը, թե՞ նաև տնտեսական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, և այլն, նա պատասխանեց.

«Առաջին հերթին՝ դա այն իրականությունն է, որ ունենք այդքան զոհ, երկրորդը, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Սփյուռքում բոլորը դա ընդունում են՝ որպես մեր պատմական հայրենիքի մի մասը, և դա առաջին պատճառն է, որ կան բացասական տրամադրություններ: Չէի ասի, թե արտաքին կամ ներքին քաղաքականությունից շատ վրդովված հայրենակիցներ ունենք, որովհետև այդքան խորացված չեն հետևում դրան: Բացի դրանից, հեղափոխությունից սկսած մինչ օրս ամեն ինչ արվեց, որ քաղաքականացվեն սփյուռքյան կառույցները, ինչը շատ սխալ էր իմ կարծիքով: Տեսեք՝ ինքս էլ՝ որպես Սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, ակտիվ ներգրավված եմ եղել, ես էլ եմ աջակցել հեղափոխությանը, ես դա չեմ թաքցնում, բայց դրանից հետո մենք շատ սկսեցինք տարվել քաղաքական ինտրիգներով, Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ մոռանալով ամենակարևոր հարցերի մասին՝ անվտանգություն, Հայաստանի տնտեսություն, կրթություն»:

Ճշտող հարցին՝ անգամ ռուս փորձագետներն էին խոսում սպասվող վտանգների, անվտանգային գործոնի, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին, որոնք օրեցօր մեծանում էին, չէի՞ն հետևում, նա պատասխանեց. «Իհարկե, հետևում էինք, բայց այդ հայտարարություններին հետևում էին մասնագետները, ովքեր հետաքրքրված են, բայց լայն շրջանակներին հետաքրքրում էր՝ ում այսօր բռնեցին, ում այսօր դատեցին, ումից ինչքան գումար վերադարձրին կամ չվերադարձրին: Երբ բացում էինք հայկական ԶԼՄ-ները՝ մեծամասնությունը խոսում էին լոկալ խնդիրների մասին, մյուս խնդիրները մղվում էին հետին պլան, մենք էլ, ցավոք, ընդունում էինք այդ օրակարգը և մեր ռեսուրսներն ու ժամանակը մսխում էինք այդ անլուրջ հարցերի վրա»:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ հեղափոխությունից ակնկալում էին ավելի զարգացած, ավելի անվտանգ Հայաստան. «Ինքս չեմ ունեցել խնդիրներ՝ Հայաստանի նախկին ղեկավարության ներկայացուցիչների հետ, իհարկե, շատ բացասական երևույթներից տեղյակ եմ եղել, շատ բաներ ինձ ևս վրդովվեցրել են, բայց ես այդ ժամանակ ապրել եմ դրսում, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է եղել, իմ բարեկամներն էլ այստեղ խնդիր չեն ունեցել, այսինքն՝ զուտ եղել է ոչ թե մեկին մյուսով փոխելու պրոցես, այլ ավելի արդար, ավելի անվտանգ, զարգացած երկիր ունենալու պրոցես: Արդյունքում՝ չունեցանք: Այն քաղաքական ուժը, որ 2018թ. եկավ, ի զորու չէր լուծել այն խնդիրները, որոնք կամ ունեինք, կամ հետագայում առաջացան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս