Ո՞րն է գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը. Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյանը խաղաղ պայմաններում ևս ունենար այն

ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշվում է. «Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նկատել էր. «Պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ պաշտպանության նախարարին: Հիմա ի՞նչ է նշանակում՝ «որոշ հարցերով»: Օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում խոստովանել էր.

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»:

Տոնոյանը շարունակել էր, թե 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։

«Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր»,- հավելել էր նա:

Այս ամենն առանձին ուսումնասիրության նյութ է, բայց մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ինքն իրավիճակի գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը, անհիմն է, քանի որ պատերազմական իրավիճակում առանց գերագույն հրամանատարի իմացության և վերջնական հաստատման ոչինչ չի արվում և չի արվել: Այլ հարց է, որ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա նստի իր նստավայրում կամ գնա պաշտպանության նախարարություն, բացի քարտեզներն ու ասի՝ առաջին բանակային կորպուսը պետք է աջից հարձակվի, երկրորդ բանակային կորպուսը՝ ձախից, և այլն, ինչպես 2015 թվականին լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, և ինչը, ըստ էության, Արցախում՝ «գեներալական բունկերում», չգրված օրենքներով իրեն թույլ է տվել Աննա Հակոբյանը:

Թեպետ, ըստ մամուլում շրջանառված լուրերի, Նիկոլ Փաշինյանը ևս իրեն թույլ է տվել մարտական գործողության հրահանգներ տալ, օրինակ, գրավել Լելե Թեփե բարձունքը, ինչը, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում հերքել էր:

«Իմ կողմից նման հրահանգ չի եղել՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը,- պնդել էր նա և շարունակել,- Ես որևէ մարտական գործողության հրահանգ չեմ տվել: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր դրվագ, որը կապ ունի Ձեր նախորդ հարցերից մեկի հետ: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, և, կարծիքներ լսելով՝ եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով: Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացեք, այսինչ գործողությունն այսինչ ձևով…: Ես քաղաքական խնդիր եմ ձևակերպել: Բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաև դրա լիազորությունը չունենալու բերումով, նաև պատեհ չհամարելով»:

Դեկտեմբերի 5-ի իր լայվ-տեսաուղերձում, սակայն, Նիկոլ Փաշինյանն ինքն իր ասածը, ըստ էության, հերքել էր. «Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել»:

Հիշեցնենք, որ «Եղնիկները» կռվել են լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ղեկավարությամբ, և պատերազմի օրերին 7-րդ ՊՇ-ն նրա հրամանատարությամբ է գերազանց կատարել իր ծառայությունը։

Վերադառնալով գերագույն հրամանատարի գործառույթի խնդրին, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վերևում հանդիպմանը նշել էր նաև. «Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է՝ մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, այն է` չեզոքացնել հանրապետությանը սպառնացող վտանգը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը, եթե միայն համակարգում է, ապա ինչպե՞ս դա պետք է կազմակերպի: Այո՛, եթե կառավարությունը, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը և Հանրապետության Նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, խնդիր չի առաջանում, որովհետև բացի Սահմանադրությունից՝ գոյություն ունի նաև կուսակցական կանոնադրություն, գոյություն ունեն կուսակցական լծակներ, և այդ հարցը կարելի է լուծել: Եվ բացի դրանից, եթե դու նույն քաղաքական ուժի ներկայացուցիչն ես, ապա ունես նույն ծրագրային դրույթները, նույն նպատակները, և այլն: Բայց, եթե տարբեր քաղաքական ուժեր են, այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. առճակատմամբ: Այսինքն` մի կողմից՝ պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են»:

ՀՀ նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ, բայց Արմեն Սարգսյանի նման նախագահի դեպքում նման առճակատում իշխող մեծամասնության հետ չի եղել և չկա մեզ մոտ, քանի որ նա հնազանդորեն կատարում է Փաշինյանի կամքը:

Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթների մասով վերևում մեջբերված մտքերը Սերժ Սարգսյանը կրկնել է նաև վերջերս «Արմնյուզին» տված հարցազրույցում՝ նշելով, որ գերագույն հրամանատարն ունի երկու կարևորագույն ֆունկցիա:

«Երբեք գերագույն հրամանատարը չի նստում այսպես քարտեզի կողքը, կամ կանգնում և տքնելով մտածում ու ասում` ա՛յ այս գունդը այստեղ պետք է գնա, այս դիվիզիան՝ այստեղ, այս հրետանին` այստեղ: Դա իր գործը չէ բնավ, և նույնիսկ, եթե ինքը քաջածանոթ լինի էդ իրավիճակին, ինքը իրավունք չունի դա անելու, որովհետև դրանով իսկ դու խոչընդոտում ես կոնկրետ հրամանատարին՝ իրականացնելու իր մտահղացումները, միևնույն ժամանակ, երևի, ինչ-որ չափով թուլացնում ես իր պատասխանատվությունը: Գերագույն հրամանատարը պարտավոր է մոբիլիզացնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այն է` կանգնեցնելու հակառակորդին, կամ ջախջախելու հակառակորդին, կամ գոնե նվազագույնը՝ արժանի դիմադրություն ցույց տալու: Սա առաջին կարևորագույն պարտականություն է: Բայց երբ մենք ինչ-որ պատճառներ ենք բռնում, բա՝ էսինչ պատճառով չկարողացանք լրահամալրում անել, էսինչ պատճառով չկարողացանք զորք ուղարկել, նորից փորձեցինք վերադառնալ ջոկատներին, որոնցից դեռևս 90-ական թվականներին էինք, այսպես ասած՝ ազատվել, դա նշանակում է`դու պետք է լռես:

Գերագույն հրամանատարի երկրորդ կարևորագույն ֆունկցիան այն է, որ նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում՝ պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը՝ պնդելով, որ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը ակնհայտորեն ձախողված է:

Ռազմաքաղաքական նպատակով ռեսուրսների մոբիլիզացիայի խնդիրը Փաշինյանը իրոք ձախողել է՝ մոբիլիզացիա տեղի չունեցավ, ինչը բերեց ցավալի հետևանքների:

Այսինքն, ՀՀ-ն չուներ պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Սեպտեմբերի 27-ին հայտարարվեց համընդհանուր մոբիլիզացիա, հետո ասվեց, թե ճիշտ է, հայտարարվել է համընդհանուր զորահավաք, բայց կատարում ենք մասնակի, բայց իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ: Եվ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր:

Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Սա մեծագույն ռազմաքաղաքական սխալ էր, և մնացած ամեն ինչը սկսվում է այստեղից: Այլ կերպ ասած՝ չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այն իրավիճակը, որը ստացանք, եթե վերցնենք զուտ ռազմաքաղաքական գործոնը:

Ինչ վերաբերում է նրան, որ խաղաղ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գերագույն հրամանատար չէ, 2015-ին Սերժ Սարգսյանը նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում սա երկար մտորումների և գիտակցված մոտեցման արդյունք է:

«Տեսեք՝ եթե բարեփոխումներն անցնեն, ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնանալու է կառավարությունում, ամբողջը, և այս պարագայում, Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով, կարծում եմ, ևս իր մեջ վտանգ է պարունակում խաղաղ պայմանների համար: Ինչո՞ւ, որովհետև երբ ասում ես՝ Գերագույն գլխավոր հրամանատար, ապա ենթադրում ես Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից զորքի կիրառման անվերապահ մոտեցում: Իսկ խաղաղ պայմաններում զորքը որտե՞ղ կարող է կիրառվել: Չեմ ուզում շատ մանրացնեմ ասելիքս, բայց ունենալով այդքան լիազորություններ և ունենալ նաև խաղաղ պայմաններում զորք կիրառելու լիազորություն՝ շատ վտանգավոր դրույթ է»,- 2015-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը ընդգծել էր ՀՀ երրորդ նախագահը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է ներքաղաքական պրոցեսները կառավարելու նպատակով զորքի տեղաշարժ իրականացնելու համար, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, 2020-ի դեկտեմբերին մի քանի անգամ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հրահանգել է, որ նա զորքը պատրաստ պահի, որպեսզի իր հրահանգով իջեցնի քաղաք։ Ինչին ի պատասխան՝ Օնիկ Գասպարյանն ասել է՝ քանի դեռ ինքն է Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու և քաղաք չի բերվելու։

Մեկ ուրիշ անգամ Օնիկ Գասպարյանին ասել են՝ բանակին պատկանող «Ուրալ» մեքենաները բերեք քաղաք, որ եթե ընդդիմությունը տրանսպորտային միջոցներով փորձի փողոցները փակել, դրանց միջոցով բացեն փողոցները», սակայն Գասպարյանը ևս մեկ անգամ լսելի է դարձրել, որ ինքը չի պատրաստվում բանակը ներքաղաքական պրոցեսներին մասնակից դարձնել:
Հավելենք, որ Մարտի 1-ի գործի վերաբերյալ իր ցուցմունքում ԳՇ գործող պետը, ով այդ ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, պնդել է՝ ոչ մեկից հրահանգ չի ստացել ցուցարարների ընդվզումները ցանկացած մեթոդով ճնշելու, անգամ՝ զենքի գործադրմամբ:

Ի դեպ, վերջերս ակտիվացել են խոսակցությունները, թե իշխանությունները փորձում են ազատվել Օնիկ Գասպարյանից, քանի որ նա թույլ չի տալիս բանակը խառնել ներքաղաքական զարգացումներին: Այդ իսկ պատճառով ցանկանում են բանակում կառավարման մոդելը փոխել, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նոր մոդելով ԳՇ պետը կլինի պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, և զորքն ուղիղ նրան չի ենթարկվի, այլ՝ նախարարին: Իսկ գաղտնիք չէ, որ Վաղարշակ Հարությունյանը բանակը քաղաքականացնելու «լեգիտիմ» պարտավորություն է ստանձնել:

«Երբ որ մենք ասում ենք՝ բանակը քաղաքականության մեջ… ես մի հարց պիտի տամ ձեզ՝ ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Ասում եք՝ ընտրություններ: Ոչ, մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Երբ մենք ասում ենք՝ չպետք է խառնվի, դա պիտի հասկանանք: Նա չպիտի ունենա կուսակցական պատկանելություն: Սա է: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված՝ ինչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է: Եթե բանակը մասնակցում է ընտրություններին, ապա դա քաղաքական գործընթաց է, չէ՞, սահմանադրական իրավունք է»,- հարցազրույցներից մեկում ասել է Վաղարշակ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս