Սերժ Սարգսյանը մեկնելու է Լիբանան

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան, որտեղ նա մի շարք հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ երկրի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Անթիլիաս, հանդիպում կունենա Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի Լիբանանի չորս առաջատար համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայանագետ ուսանողների հետ:

Լիբանանում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի հետ, կայցելի Զմմառ, հանդիպում կունենա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի հետ, կմասնակցի «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի ևւ Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այնուհետ կայցելի ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

Նախագահի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև տարբեր ոլորտներում Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Տեսանյութեր

Լրահոս