Հարցեր, որոնք Արցախի նախագահը թողեց անպատասխան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցից հետո, բազմաթիվ պատասխանների հետ, նաև նորանոր հարցեր ի հայտ եկան: Թեմաները, որոնց անդրադարձավ նախագահը, պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների վերհանում, ստեղծված իրավիճակից ելքեր ու ապագային միտված ծրագրեր:

Իհարկե, նաև բացահայտումներ եղան. լուսաբանվեցին թեմաներ, որոնք ամենատարբեր պատճառներով մնացել էին փակ հասարակական լայն շերտերի համար, հնչեցին անուններ, որոնք վերջին երեք տարիներին իրենց գործունեությամբ և անգործությամբ իրավիճակը հասցրել էին կրիտիկական կետի:

Քանի որ ՀՀ երրորդ նախագահն իր հարցազրույցում մի քանի դրվագներում ուղղակի և անուղղակի հիշատակել էր նաև Արցախի Հանրապետության նախագահի մասին, 168.am-ը հարցարզրույցի առաջին մասի հրապարակումից հետո մի քանի գրավոր հարցադրումներ հղեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին.

«ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երեկ իր ծավալուն հարցազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի կենտրոնում արված՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի հայտարարությանը, նշել է, որ այն ուղղված էր հենց ԼՂ բնակչությանը:

«Ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես եմ այստեղ տերը, տիրակալը, և ես եմ կասեմ, թե ում պետք է նախագահ ընտրեք: Դա հետո երևաց նախագահական ընտրությունների ժամանակ, և այլն: Այսինքն՝ իրեն պետք էր Ղարաբաղում խամաճիկ ղեկավարություն, որպեսզի որևէ կերպ որևէ հարցում փոքր իսկ հակադրություն չցուցաբերեր, և նա հասավ իր նպատակին: Ես շատ հստակ ասում եմ՝ երբեք Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունն այդքան չէր նսեմացվել, չէր ցածրացվել, ինչպես 2018-ից հետո: Երբեք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

1. Հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո անգամ չհակադրվեց Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան հասնել իր նպատակի իրականացմանը, չի՞ փաստում Սերժ Սարգսյանի հայտարարության ճշմարտացիությունը։

2. Կարո՞ղ եք նշել մեկ օրինակ, դեպք, երբ Արայիկ Հարությունյանը՝ որպես Արցախի նախագահ, հակադրվել է Նիկոլ Փաշինյանի որոշումներին։

3. Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի այցելում Արցախ։

4. Դուք Ձեր երդմնակալության օրը կրկնեցիք Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Շարունակո՞ւմ եք արդյոք այդպես կարծել։

5. Եթե այո, ինչո՞ւ ՀՀ վարչապետը կամ ՀՀ նախագահը չեն այցելում Արցախ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։ Դուք հրավիրե՞լ եք նրանց։

6. Արդյո՞ք «խամաճիկ իշխանություններ» արտահայտությունը (ի դեպ, միայն Սերժ Սարգսյանը չէ, որ ձեզ այդպես բնութագրում է) Ձեզ չի վիրավորում:

7. Ինչո՞ւ պետք է սփյուռքահայերն Արցախ այցելեն վիզայով, եթե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հայաստանում նրանց տեղաշարժն ինչո՞ւ պետք է վիզայով լինի» ։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, սակայն, տեղեկացրեց, որ մեր գրավոր հարցերը չեն մեկնաբանելու:

Իսկ մենք միամտաբար պատրաստվում էինք Արցախի նախագահին հարցեր հղել նաև ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի երկրորդ մասում արծարծած մի քանի թեմաների վերաբերյալ՝ մասնավորապես.

1. Ինչո՞ւ է խուսափել ընդունել Սերժ Սարգսյանին,

2. Ինչո՞ւ չի օգտագործվել Արցախյան առաջին պատերազմի գեներալների ներուժը:

Տեսանյութեր

Լրահոս