Գինցբուրգը պատմել է, թե ինչպես են անցկացվելու «Սպուտնիկ V»-ի փորձարկումները երեխաների վրա
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը երեխաների վրա փորձարկելու համար նրանց բաժանելու են չորս տարիքային խմբերի, պատրաստուկի դոզավորումը լինելու է տարբեր: Այդ մասին հայտարարել է Գամալեյայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։
«Ամենայն հավանականությամբ, երբ մենք «Սպուտնիկ V»-ն մանկական բնակչության վրա հետազոտելու թույլտվություն ստանանք, ապա նրանք կբաժանվեն որոշակի տարիքային խմբերի, ասենք՝ 17-14 (տարեկան), 14-9, 9 եւ ավելի պակաս, եւ, կարող է պատահել՝ նույնիսկ չորս տարիքային խմբերի: Եվ, կախված տարիքային խմբերից, բնականաբար, դոզավորումը լինելու է տարբեր. որքան տարիքը ցածր լինի, համապատասխանաբար, պատրաստուկների դոզավորումը պակաս կլինի»,-պատմել է նա՝ հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Գինցբուրգը ճշտել է, որ այլ փոփոխություններ պատվաստանյութի կազմում, ամենայն հավանականությամբ, չեն մտցվի: Սակայն, եթե մինչեւ երեխաների վրա փորձարկումներն սկսելը անցկացվեն պատվաստանյութի ռնգային ձեւի հետազոտություններ, ապա հենց այդ ձեւը կարող է առաջին հերթին դառնալ երեխաներին հանձնարարվողը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն դարձել է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: