«Փաշինյանը չի վստահում այդ մարդկանց, որովհետև իր 8-10 տոկոս ռեյտինգը նույնպես կարող է չքանալ». Արթուր Համբարձումյան

ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ Փաշինյանի գործողությունների մեջ պետք է ոչ թե քաղաքական հենք փնտրել, այլ պետք է նայել հոգեբանական տեսանկյունից:

«Փաշինյանի բոլոր քաղաքական որոշումները սպասարկում են իր հույզերը՝ վախ, վրեժ, չարություն և այսպես շարունակ: Այսինքն՝ իշխանությունից զրկվելու վախը, բնականաբար, Փաշինյանին պետք է ստիպեր, որ ինքը չգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև ինքը չունի վստահություն, չունի այն թիմը, որը պետք է կարողանա Փաշինյանի համար ձայներ ապահովել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե այսօր Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը, նա այսպես արձագանքեց. «Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում՝ Փաշինյանի վարկանիշը շատ մեծ է, բայց՝ ոչ Հայաստանում: Ադրբեջանում և Թուրքիայում, այո, նա շատ մեծ վարկանիշ ունի, Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանը վարկանիշ չունի, ՀՀ-ում բարձր է Փաշինյանի հակավարկանիշը, ուղղակի իրենք խաղում են այն հանգամանքի վրա, որ՝ այ, տեսեք, եթե մենք գնանք, նախկիններն են գալու, և այդ հանգամանքը դեռ որոշակի զանգվածի մոտ աշխատում է: Այսօր Փաշինյանին սատարողների փոքրաթիվ մասսայի 80-90 տոկոսը նախկինում փողով ընտրությունների գնացող մասսան է, և իրենք դա շատ լավ գիտեն: Նաև այդ մասսայի վրա հույս դնել չի կարելի: Փաշինյանը չի վստահում այդ մարդկանց, որովհետև իր 8-10 տոկոս ռեյտինգը նույնպես կարող է չքանալ: Փաշինյանը չի վստահում նաև իր պատգամավորներին. դրա ցուցիչն այն է, որ նա արդեն մոտ 1 տարի ՀՀ-ն պահում է արտակարգ դրության ռեժիմի տակ, հիմա արդեն ռազմական դրության ռեժիմի տակ է պահում, որովհետև երկու դեպքում էլ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել Փաշինյանին: Փաշինյանը չի վստահում իր ուսապարկերին և ճիշտ էլ անում է. դրանց ինչի՞ն վստահես»:

Արթուր Համբարձումյանն ընդգծեց. «Ալեն Սիմոնյանը և գործակալ «Օմեգան» նախկինների դուռը շպրտված «ստուկաչներ» են եղել: Պատկերավոր ասած՝ «Օմեգան» գալիս էր ինձ հետ բան էր խոսում քաղաքական խորհրդում, գնում՝ զեկուցում էր նախկինների ԱԱԾ-ին: Հիմա այս մարդկանց ցինիզմն այնքան է, որ ասում են՝ նախկիններն ուզում են վերադառնալ: Այս մարդիկ Աշոտ Զաքարյանին բերում՝ նշանակում են ՌՈ պետ, Քոչարյան Անդրանիկին նշանակում են պատգամավոր, նախկինում ինչքան հանրապետական «սբրոդ» է եղել՝ բերում՝ բարձր պաշտոններ են տալիս, վարչապետի խորհրդականին նայեք, վարչապետի օգնականին նայեք… ու հետո ասում են՝ նախկինները: Չհոգնեցի՞ք էդ նախկին-ներկայից, դուք չեք հասկանո՞ւմ, որ դա կարող է վաղը-մյուս օրը հսկայական խնդիրներ առաջացնել ձեր, ձեր երեխաների նկատմամբ, էլ չեմ ասում՝ պետության և ազգի նկատմամբ, որը կորցրել ենք»:

Համբարձումյանը զարմանում է, երբ մարդիկ ասում են՝ թուրքը մեզ ծաղրում է. «Բա թուրքը պետք է մեզ ծաղրի, չծաղրի՞: Թուրքը իր մարդուն բերել՝ նշանակել է ԱԺ նախագահ, և այնտեղ 130 քանի հոգի հավաքվել է, մեկը չկա՝ գոնե ԱԺ-ում ասի՝ «սալամ ալեյքում, Արարատ», գոնե դա ասի, դա ասող էլ չկա: Սա պատմական ողբերգություն է, պատմական մարազմ է: Մենք արժանի ենք, որ մեզ վրա ծիծաղեն և՛ թուրքերը, և՛ ֆրանսիացիները, և՛ ռուսները: Դուք պատկերացրեք, ասենք՝ կասկածներ լինեն, որ Իրանի պառլամենտի ղեկավարը հանդիսանում է իսրայելական կամ ամերիկյան ագենտ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այնտեղ: Ինձ թվում է, որ ՀՀ տարածքում ինչ-որ բան են ցանել, մարդիկ ինչ-որ բան են շնչել և ուղղակի ապուշացել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս