Ծնողները պնդում են, որ իրենց Արայիկ Հարությունյանն է տեղեկացրել 20 գերիների վերադարձի մասին․ ԱՀ նախագահի խոսնակը հերքում է
Անհետ կորածների հարազատների պնդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ՀՀ կառավարության շենք մտնելիս՝ մուտքի մոտ, հանդիպել է նրանցից մի քանիսին, տեղեկացրել, որ գերիների հերթական խումբն է գալու: Երեկոյան արդեն Էրեբունի օդանավակայանում, երբ հարազատները դիմավորում էին Բաքվից եկող ինքնաթիռը, պարզվեց, որ ԱՀ նախագահի հնչեցրած թիվն իրականության հետ որևէ աղերս չունի։
«Երեկ տղերքը Արայիկ Հարությունյանին տեսնում են, որ մտնում է կառավարության շենք։ Արայիկը դուրս է գալիս իրենց դիմաց, Հարցնում են՝ ի՞նչ կա, պարոն Հարությունյան, պատասխանում է՝ գերիներին ենք սպասում, պետք է այսօր գան, հարցնում են՝ քանի՞ հոգի, պատասխանում է՝ 20-ը նաղդ է, կարող է՝ 22-23, բայց 20-ը կա ու կա։ Դա Արայիկի խոսքն է՝ ուղղված տղերքին»,- 168.am-ի հետ զրույցում վրդովված ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը՝ ընդգծելով, որ ուրախ են երեկ հայրենիք վերադարձած 5 գերիների համար, սակայն ղեկավարությունը պետք է հասկանա նաև մյուս ծնողների վիճակը, հատկապես, երբ սպասում են 20 հոգու վերադարձին, այնինչ ընդամենը 5 հոգի է գալիս։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ բոլոր անհետ կորածների և գերեվարվածների հարազատները պատրաստվում են լայնամասշտաբ գործողություններ իրականացնել՝ կառավարությունից հստակ պատասխան ստանալու նպատակով։ Նա նշեց, որ անհետ կորածների հարազատները, որոնք ներգրավված էին որոնողական աշխատանքներին և մեր զրույցի պահին դեռ Արցախում էին, այսօր պետք է վերադառնային Երևան։
168.am-ը ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծնողների հետ, եթե այո, ապա ի՞նչ 20 և ավելի գերիների մասին է խոսքը եղել, և ինչո՞ւ ընդամենը 5 գերի վերադարձավ հայրենիք։ Լուսինե Ավանեսյանը կառավարության շենքի մոտ նախագահին հանդիպելու լուրը ապատեղեկատվություն որակեց․
«Կառավարության շենք մտնելիս նախագահին ոչ մեկը չի մոտեցել։ Բացի այդ, նախագահը սովորական մուտքից չի մտել, այլ կառավարական մուտքից՝ մեքենայով»։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ևս 5 գերիներ Բաքվից ժամանեցին Երևան։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ էր Երևան ժամանել մասնակցելու Նիկոլ Փաշինյանի, ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ խորհրդակցությանը՝ Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ: