Դատարանը առանց քննության թողեց Մարտի 1-ի գործով տուժողի միջնորդությունը
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստի ընթացքում դատարանը լսեց տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Ասլանյանի միջնորդությունը՝ Մարտի 1-ի մայր գործից որոշակի նյութեր վարույթն իրականացնող մարմնից պահանջելու և տրամադրելու վերաբերյալ:
Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը հայտնեց, որ տուժողին չեն տրամադրվել գործին առնչվող փաստաթղթերի պատճենները, Մարտի 1-ից առանձնացված գործում էլ ներառված չեն տուժող Եղիազարյանի հարցաքննության, դատաբժշկական փորձաքննության արդյունքները, տուժողի դատավարական կարգավիճակին առնչվող այլ փաստաթղթեր: Փաստաբանը նշեց, թե Սերգեյ Եղիազարյանին վարույթն իրականացնող մարմնի կազմած նյութերին չծանոթանալը նրան զրկում է պաշտպանության իրավունքի իրացումից:
Ավելի վաղ՝ 2020թ.-ի հուլիսի 21-ին Սերգեյ Եղիազարյանի փաստաբանը նաև վերը նշյալ փաստերի հիմքով գործով դատախազներին բացարկ էր հայտնել:
Դատավոր Աննա Դանիբեկյանի՝ ճշտող հարցերին ի պատասխան՝ փաստաբանը դատավորին խնդրեց մոլորեցնող հարցեր չտալ, ասաց, թե չի մոլորվելու, նորից հայտնեց, թե իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի դրվագի հիման վրա:
Դատարանը հայտնեց, որ միջնորդությունը ներկայացված է ոչ ժամանակին, և դատարանը հարկ չի համարում միջնորդությունը քննարկել:
«Դատարանը որոշեց միջնորդությունը թողնել առանց քննության»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը: