Բաժիններ՝

Եթե ձեզ ինչ-որ մեկն ահաբեկում է, ներկայանում է՝ որպես հաքեր, ով ձեզ հետևում է, հիշեք մեկ բան՝ նման հաքերներ գոյություն չունեն. Սամվել Մարտիրոսյանը՝ երեխաներին

Օրերս համացանցում լուր էր տարածվել, որ 15-ամյա մի տղա է կորել՝ Հրաչյան, հետո տարածվեց բոթը՝ փրկարարները Հրազդանի կիրճում ծառից կախված հայտնաբերել են որոնվող 15-ամյա Հ․Ն․-ի դին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։ Որոշ տեղեկություններով՝  տղայի ինքնասպանության վարկածներից մեկն այն է, որ նա օնլայն խաղի է մասնակցել՝ քվեստի։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն օնլայն խաղի հետ կապված Youtube-ի իր էջում մի քանի խորհուրդ է տվել ծնողներին ու երեխաներին:

«Շատ վտանգավոր թեմա է, քանի որ թեմայի քննարկումներն են ստեղծում հիմնական վտանգները: Ուզում եմ դիմել երեխաներին. եթե ձեզ ինչ-որ մեկն ահաբեկում է, ներկայանում է՝ որպես հաքեր, ով ձեզ հետևում է, հիշեք մեկ բան՝ դրանք հեքիաթներ են, նման հաքերներ գոյություն չունեն, որ ձեզ կգտնեն: Պարզապես գնացեք, պատմեք  ծնողներին կամ ուսուցչին, ու հարցը կլուծվի: Վախենալու բան չկա: Նա, ով ձեզ վախեցնում է, ուզում է հենց ձեր վախերն օգտագործել: Եթե դուք չեք վախենում, ձեզ ոչինչ չի սպառնում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Այնուհետև դիմելով ծնողներին՝ Ս․ Մարտիրոսյանը հորդորեց խոսել երեխաների հետ՝ որպես ընկեր: Կարևորեց թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին կրթելը:

«Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ դպրոցն ու ծնողները երեխաներին կրթելու խնդիր ունեն: Բոլորս էլ պետք է կրթվենք, որովհետև ինտերնետը շատ արագ է փոխվում, վտանգները շատ տարբեր են, փոփոխվող, և կարևոր է հասկանալ, որ հիստերիայով վտանգների դեմ պայքարել չի լինի: Կոչ եմ անում, որ ՀՀ ոստիկանությունը մարդավարի հայտարարություն անի, ոչ թե կիսատ-պռատ: Մենք երեխաների դեմ կիբեր հանցագործությունների հետ կապված նորմալ վիճակագրություն չունենք, որ հասկանանք, թե ինչ է  կատարվում: Ամեն ինչ ընդհատակով անցնում է, չեն իմանում, հետո մի դեպք է լինում, ու էլի վազվզոց է սկսվում»,- եզրափակեց մեդիափորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս