«Պետք է վերացնել ավտոմեքենաների տեխզննումը»
«Տեխզննումը մեզանում կրում է ձևական բնույթ: Մենք դիմեցինք ՀՀ վարչապետին` առաջարկելով Հայաստանում անհատ քաղաքացիների ավտոմեքենաների տեխզննումն ընդհանրապես վերացնել, քանի որ սեփականատերն ինքն է պատասխանատու ավտոմեքենայի սարքին վիճակի համար»,- Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` նպատակահարմար կլինի առաջին հերթին քաղաքացիներին սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելը, հետո միայն` անհատ քաղաքացիներինը:
«Տեխզննման կետը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Այդ պատճառով առաջարկել էինք, որ հսկողությունն իրականացնի ԱՊՊԱ-ն: Եթե վարորդը կնքված ԱՊՊԱ պայմանագիր ունենա` բնական է, որ մեքենան տեխզննում էլ անցած պետք է լինի: Եթե չունենա տեխզննման կտրոն, ուրեմն ԱՊՊԱ-ի հետ էլ պայմանագիր չի կարող կնքել»,- կայքին ասել է նա՝ նշելով, որ իր ներայացրած առաջարկը մերժվել է:
«Մեր նամակին պատասխանեցին Ֆինանսների նախարարությունից: Նամակում մեջբերումներ էին արել մի քանի օրենքների դրույթներից և նշել, որ առաջարկը կյանքի կոչելը նպատակահարմար չէ: Իբր մենք չգիտեինք, թե օրենքների դրույթներն ինչ են սահմանում»,- նշել է Է. Հովհաննիսյանը: