Բաժիններ՝

Չինաստանը հիշեցնում է 2013թ. տնտեսական վտանգների մասին

Չինաստանի իշխանավորները զգուշացնում են համաշխարհային տնտեսական ռիսկերի ավելացման մասին: Ըստ պետական մարմինների հրապարակումների, ԱՄՆ «ֆիսկալային անդունդի», Եվրոպայի պարտքային ճգնաժամի և առևտրային հարաբերություններում աճող լարվածության պատճառով վտանգված է համաշխարհային տնտեսական աճն ընդհանրապես:

Ներկայումս Չինաստանի  տնտեսությունը ցուցադրում է դանդաղ աճ և այս տարվա տվյալներով կարող է արձանագրել ՀՆԱ-ի ամենացածր աճը վերջին 13 տարիների ընթացքում:

«Համաշխարհային տնտեսությունում անորոշությունը 2013թ. նույնպես կշարունակվի, մասնավորապես՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, որոնք հանդիսանում են Չինաստանի համար խոշորագույն արտահանման երկրներ»,- նշել է Չինաստանի ֆինանսների փոխնախարար Զու Գուանգյաոն:

Նա նաև հիշեցրել է տնտեսագետների կողմից բազմիցս քննարկված «ֆիսկալային անդունդի» խնդրի մասին: Հիշեցնենք, որ եթե Ամերիկյան Կոնգրեսը չկարողանա համաձայնության գալ բյուջեի հարցում, և տեղի ունենա բյուջեի կրճատում, ԱՄՆ տնտեսությունը ճգնաժամի մեջ կհայտնվի:

«Դեպքերի նման զարգացման դեպքում Չինաստանի տնտեսական աճը կլինի զրոյական»,- նշել է փոխնախարարը:

Չինաստանի մեկ այլ իշխանավոր՝ պատգամավոր և Չինաստանի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Վու Խիաոլինգը, կարծիք է հայտնել, որ տնտեսական բարեփոխումները պետք է շարունակվեն: Հիմա Պեկինն անցկացնում է փոխարժեքի ազատականացում, ինչպեսև մուտք է բացում արտաքին ներդրողների համար՝ դեպի տեղական շուկա։ Խիաոլինգի խոսքով, այդ քայլերը կնպաստեն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

Այլ պետական մարմինների կարծիքով՝ համաշխարհային տնտեսության ճգնաժամի հիմնական պատճառը եվրոպական խնդիրներն են, և նրանք խորհուրդ են տալիս Հին աշխարհամասին՝ իր գործողություններում ավելի վճռական լինել և արագ գործել: «Ժամանակը սահմանափակ է»,- կարծում են չինական իշխանավորները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս