Պուտինի դիվանագիտական պատասխանը Գերմանիայի կանցլերին
Երեկ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այդ մասին հայտնում է BBC լրատվականը: Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, շոշափել են նաև «Pussy Riot» խմբի հետ կապված սկանդալային միջադեպը:
Գերմանիայի կանցլերը դժգոհություն է հայտնել «Pussy Riot»-ի աղջիկների դատապարտման կապակցությամբ` նշելով, որ նա չգիտի, թե այդ աղջիկներն ի՞նչ են արել, բայց Գերմանիայում նրանց հետ դժվար թե այդքան դաժան վարվեին:
«Տիկին դաշնային կանցլերը հիշեցրեց եկեղեցում ելույթ ունենալու համար բանտում գտնվող աղջիկների մասին: Իսկ արդյոք նա գիտի՞, որ մինչ այդ նրանցից մեկը կախել էր հրեայի խրթվիլակ և ասել, որ Մոսկվան պետք է ազատել այդպիսի մարդկանցից: Մենք` Ձեզ հետ միասին, չենք կարող պաշտպանել մարդկանց, ովքեր հակասեմական հայացքներ ունեն»,- ակնարկելով Գերմանիայի ֆաշիստական անցյալի մասին` հակադարձել է Պուտինը:
Հիշեցնենք, որ «Pussy Riot» փանք-ռոք խմբի 2 մասնակիցները Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի տաճարում խուլիգանության մեղադրանքով 2012թ. մարտին դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման: