Ներկայի ու ապագայի արանքում

«2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու և հավատավորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի»,- սա մի հատված է Նիկոլ Փաշինյանի անցած տարվա տարեմուտի ուղերձից։

Թե այն որքանով է իրականացել, նույնիսկ ասելու բան չէ։ Իշխանության ապաշնորհ ու կործանարար քաղաքականության հետևանքով Նիկոլ Փաշինյանի հռչակած Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացին այսօր հայտնվել է հուսալքության ու հուսահատության ճիրաներում։ Մարդիկ կորցրել են հավատն ապագայի նկատմամբ։ Վտանգի տակ է երկրի ու ժողովրդի անվտանգությունը։

Թռիչքների մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։ «Տնտեսական հեղափոխության» ու թռիչքային աճերի վերաբերյալ օդից վերցրած թեզերն ամբողջությամբ հօդս են ցնդել։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը, եթե այդպիսին եղել է, ապա տապալվել է։ Երկիրը հայտնվել է կոլապսի մեջ, որից դուրս գալու հեռանկարներն առայժմ չեն երևում։

Բոլոր ոլորտներում ունենք խայտառակ ծանր իրավիճակ։ Խարխլվել է պետական կառավարման ամբողջ համակարգը։

Խորը ճգնաժամի մեջ է տնտեսությունը։ Սպասվում է տնտեսական անկում, որը կարող է հասնել ընդհուպ 10 տոկոսի։ Առաջընթաց չունենք ոչ մի ոլորտում։ Էապես ավելացել են տնտեսության ռիսկերն ու մարտահրավերները։

Ընդհանրապես կորցրել ենք հետաքրքրությունները դրսի ու ներսի ներդրողների համար։ Էապես նվազել են ֆինանսական հոսքերը տնտեսության մեջ։ Մի բան, ինչն ապագայի համար լուրջ խնդիր է դառնալու։ Առանց ֆինանսական հոսքերի՝ անհնարին է մտածել մեր տնտեսությունը վերականգնման մասին։

Տնտեսական անկման ու ճգնաժամի հետևանքները մտել են բանկային համակարգ։ Էապես աճել են չաշխատող վարկերը, որոնց տեսակարար կշիռը հասել է երբեմնի ամենաբարձր կետին։ Բանկային վարկերի 10 տոկոսը հայտնվել է ռիսկի գոտում։

Անկայունությունն ու անվստահությունն ավելացրել են ֆինանսական միջոցների հոսունությունը բանկային համակարգում։ Տեղի է ունենում կապիտալի արտահոսքը, ինչն էապես մեծացրել է ճնշումն արտարժութային շուկայում։ Թուլացել է ֆինանսական համակարգի կայունությունը, ընկել է վստահությունն ազգային արժույթի նկատմամբ։

Կարճ ժամանակահատվածում դրամը հասցրեց կտրուկ արժեզրկվել ներքին շուկայում մեծ պահանջարկ ունեցող 2 հիմնական տարադրամների նկատմամբ։ Խոսքը դոլարի և եվրոյի մասին է։ Երբեմնի բարձր կայունությամբ աչքի ընկնող ազգային արժույթի արժեզրկումն այս տարի հասել է 10 տոկոսի։

Սա տնտեսության մեջ ու բանկային համակարգում նոր խնդիրներ է բերելու, գլուխ է բարձրացնելու դոլարիզացիան, որը տևական ժամանակ նվազում էր՝ դրամի նկատմամբ վստահության ամրապնդման ֆոնին։ Հիմա վստահությունը կորել է։ Տարիներ են պետք այն վերականգնելու համար։

Ճգնաժամը մտել է ոչ միայն տնտեսություն, այլև անշարժ գույքի շուկա։ Նվազում է՝ ինչպես պահանջարկը, այնպես էլ՝ իջնում են գները։ Անշարժ գույքի գներն այլևս ավելի ցածր են, քան մեկ տարի առաջ էին։

Այն, ինչ տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում՝ պահանջարկի և գների հետ, երկրի տնտեսության ու սոցիալական իրավիճակի ակնհայտ ցուցիչներն են, որոնք սպառնալիք են նաև բանկային համակարգի համար։

Մինչ իշխանությունները հպարտանում էին կենսաթոշակների ու նպաստների մի քանի հազար դրամ ավելացումով, մտել ենք համատարած թանկացումների փուլ։ Թանկացել են առաջին անհրաժեշտության լայն սպառման բազմաթիվ ապրանքներ։ Առանձին դեպքերում գնաճը հասնում է ընդհուպ 20-30 տոկոսի։

Թանկացել են ոչ միայն պարենային, այլև ոչ պարենային ապրանքները։ Ակտիվ գնաճի փուլում է հատկապես վառելանյութի շուկան։ Բարձրացել են՝ ինչպես հեղուկ, այնպես էլ՝ սեղմված էներգակիրների գները։

Սպասվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Որքան էլ այն արտաքուստ սպառողների մի մասին է վերաբերելու, այնուհանդերձ դրա ազդեցությունը զգալու են բոլոր։

Էներգակիրներից ապրանքների ու ծառայությունների գների կախվածությունը միշտ էլ մեծ է եղել ու այսօր էլ շարունակում է նույնպիսին մնալ։ Դրանց թանկացումը բերելու է հարակից բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների թանկացման։ Դրանց մի մասին արդեն առնչվում ենք, մյուս մասին կառնչվենք առաջիկայում։

Մինչ վարչապետն անցած տարվա տարեմուտի ուղեձում տնտեսական ու սոցիալական թռիչքներ էր խոստանում, թանկացումների այս շղթան, որն ուղեկցվում է հասարակության եկամուտների նվազմամբ, մեծացրել է երկրում սոցալական լարվածությունը։ Բազմաթիվ քաղաքացիներ կորցրել ու շարունակում են կորցնել իրենց եկամուտները։ Տնտեսական ճգնաժամը բերել է գործազրկության ավելացման։ Խորացել է աղքատությունը։ Մարդիկ օր օրի հայտնվում են սոցիալական նորանոր դժվարությունների առաջ, իսկ իշխանություններն ի վիճակի չեն ոչինչ անել նրանց կյանքը թեթևացնելու համար։

Դատարկ է պետական գանձարանը։ Այն ֆինանսական միջոցների լուրջ խնդիր ունի, չեն ապահովվում հարկային եկամուտները։ Ունենք եկամուտների հսկայական ճեղքված։ Չկա ընդհանրապես աճ։ Բյուջեի մուտքերն այս տարի նույնիսկ ավելի քիչ են, քան ունեինք նախորդ տարի։

Տարեկան տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ, բայց նախնական կարելի է ասել, որ կունենանք հարկային եկամուտների գրեթե 100 մլրդ դրամին հասնող նվազում։ Այսինքն՝ ադքանով ավելի քիչ հարկ կհավաքենք, քան հավաքել էինք անցած տարի։ Մինչդեռ կառավարությունը պլանավորել էր եկամուտների 10 տոկոսին մոտ աճ ապահովել։

Ձախողվել է՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների կատարողականը։

Աճ չենք ունենա, բայց նահանջ՝ ինչքան ուզես։ Պլանավորել էինք 4,9 տոկոս տնտեսական աճ, սպասում ենք դրանից կրկնակի բարձր անկում, պլանավորել էինք հարկային եկամուտների 10 տոկոս աճ, սպասում ենք 100 մլրդ դրամի հասնող նվազում։

Աճ կունենանք, բայց պետական պարտքի ավելացման տեսքով։ Անցած տարվա վերջի 7,3 միլիարդից, կառավարության կանխատեսումներով, այս տարի պետական պարտքը կհասնի 8,8 մլրդ դոլարի։

Սրանք տնտեսական, ֆինանսական, սոցիալական ոլորտի այն «ձեռքբերումներն» են, որոնց իշխանությունները հասել են այս տարվա ընթացքում։ Դրանց մեջ ոչ միայն չկան անցած տարվա տարեմուտի ուղերձում վարչապետի խոստացած թռիչքները, այլև ամենուրեք անմխիթար վիճակ է ու ավերածություն. ունենք թուլացած ու արնաքամ երկիր, հուսահատված ու հուսալքված ժողովուրդ, հազարավոր զոհեր ու խեղված ճակատագրեր։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս