Տաճատ Վարդապետյանը, անկախ իր կամքից, կդառնա Իրանի և Սիրիայի մասնագետ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Սա միակ խորհրդարանական պաշտոնն էր, որ բաժին էր հասել այս խմբակցությանը, ըստ Դոնթի բանաձևի:
Պատճառը հայտնի է. Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ինքը խորհրդարանում ներկայացնելու է ոչ թե «Ժառանգություն» խմբակցության, այլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը: «Ժառանգություն» խմբակցությունում էլ որոշել են, որ հանձնաժողովի փոխնախագահի տեղն իրենցն է, ինչպես կուզեն` այնպես էլ կվարվեն: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է և իրագործելի:
«Ժառանգություն» խմբակցությունում որոշել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը փոխել ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի հետ:
Ըստ ԱԺ ղեկավարության հետ կայացած պայմանավորվածության, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Տաճատ Վարդապետյանը կդառնա Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, իսկ նրա փոխարեն կընտրվի Զարուհի Փոստանջյանը, ով այդ հանձնաժողովի շարքային անդամ է:
Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում զբաղեցնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, երբ նա երկար տարիներ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է: Պատասխանելով մեր այս հարցին` տիկին Փոստանջյանն ասաց. «Այո, մենք պայմանավորվել ենք Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել, քանի որ նա չի ներկայացնում «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, իսկ ես, թեև կարող եմ ԵԽ ԽՎ-ում հակադարձել ադրբեջանցիներին, զբաղվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերով և բացահայտել ընտրական խախտումները, սակայն արդեն նշել եմ, որ մեր տարածաշրջանում, Սիրիայում, Իրանում տեղի ունեցող գործընթացներից այնքան էլ լավ չեմ հասկանում, մինչդեռ բնապահպանության ոլորտում ունեմ մեծ փորձ և գիտելիքներ»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ԱԺ նախագահը և ՀՀԿ-ականները համաձայնվել նման փոխատեղմանը: «Մեզ հասնում է մեկ փոխնախագահի պաշտոն, և այն ժամանակ, երբ բաժանվում էին տեղերը, մենք ուզեցինք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քանի որ ունեինք այդ պաշտոնի համար ուժեղ թեկնածու, հանձին Ալեքսանդր Արզումանյանի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգությունը» կարող էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ով բազմամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, բայց նման քայլի չի գնացել: Սա ևս իրենց որոշելիք խնդիրն է:
Այստեղ ավելի քան կարևոր է այլ հարց: Եթե Զարուհի Փոստանջյանն արտաքին հարաբերությունների խորագիտակ մասնագետ չէ, արդյո՞ք այդպիսի մասնագետ է Տաճատ Վարդապետյանը, ով պետք է փոխարինի Ալեքսանդր Արզումանյանին: Մեր հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում փոխարինել նախկին արտգործնախարարին, պարոն Վարդապետյանը շատ զարմացած պատասխանեց. «Իսկ դուք որտեղի՞ց եք լսել, որ ես պետք է փոխարինեմ Արզումանյանին, ես նման բան չգիտեմ»:
Հետաքրքիր է, որ խորհրդարանի ղեկավարությունը հաշվի է առնում ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի կարծիքը և ցանկությունը` դառնալու Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, բայց հաշվի չի առնում ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանի կարծիքը. իսկ նա հասկանո՞ւմ է տարածաշրջանային զարգացումներից, Իրանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից: Թե ինչո՞ւ է այդպես ստացվել, դժվար է բացատրել:
Կա ևս մեկ նուրբ հարց. արդյո՞ք Ալեքսանդր Արզումանյանը հրաժարական կտա Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, որովհետև նրան հետկանչի մեխանիզմ կարծես թե ԱԺ կանոնակարգ-օրենքում նախատեսված չէ:
Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե դադարել են նրա պատգամավորական լիազորությունները, եթե նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից, և եթե նա հրաժարական է տվել: ԱԺ կանոնակարգ-օրենքը հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հետկանչ խմբակցության կողմից չի նախատեսում:
Օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ կետում միայն այսպիսի դրույթ կա. «Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին»: Բայց դա ենթադրում է, որ այդ փոփոխությունը պետք է լինի պատգամավորի կամքով, և ոչ թե նրա կամքին հակառակ: Բացի այդ, «Ժառանգությունը» չի ուզում փոխել Արզումանյանին, նրան տեղափոխել այլ հանձնաժողով, այլ ուզում է նրան պաշտոնանկ անել` թողնելով նույն հանձնաժողովի շարքային անդամ:
Ալեքսանդր Արզումանյանի պատգամավորական լիազորությունները չեն դադարել, նա դուրս չի եկել իրեն այդ պաշտոնում առաջադրած «Ժառանգություն» խմբակցությունից, մնում է, որ նա կամավոր կամ պարտադրված հրաժարական տա: Արդյո՞ք Արզումանյանը հրաժարական կտա: Մեր այս հարցին նա պատասխանեց խուսափողական-դիվանագիտորեն. «Ես տեղյակ եմ, որ կա պայմանավորվածություն փոխատեղումների մասին, և իմ հետագա գործողություններում առաջնորդվելու եմ ԱԺ կանոնակարգ-օրենքով»:
Այսպիսով, խորհրդարանում հասունանում է հերթական սկանդալը և հերթական անգամ` «Ժառանգություն» խմբակցության անդամների մասնակցությամբ: Ի՞նչ տեղի կունենա, եթե Ալեքսանդր Արզումանյանը որոշի հրաժարական չտալ: 15 հոգուց կազմված այս հանձնաժողովում ՀՀԿ-ն ունի 8 ձայն, այսինքն` մեծամասնություն:
Արդյո՞ք ՀՀԿ-ականները կարող են քվեարկությամբ Արզումանյանին հեռացնել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Դժվար է կանխատեսել: Մի բան պարզ է, եթե Ալեքսանդր Արզումանյանը կամավոր հրաժարական չտա, ապա իրավիճակը իսկապես կարող է պատային դառնալ: