«Չունենք այլ պահանջ, քան Փաշինյանի հեռացումը. մնացած հարցերը՝ Գագիկ Ծառուկյանին». Արծվիկ Մինասյան

Այսօր Հայրենիքի փրկության շարժումը երթ անցկացրեց դեպի Հատուկ քննչական ծառայություն: ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, դիմելով ՀՔԾ աշխատակիցներին, հնչեցրեց գործող կառավարության մի շարք անդամների և անձամբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու պահանջ:

«Դիմում եմ ՀՔԾ պետին, պետի տեղակալներին, պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներին, վարչության պետերին, նրանց տեղակալներին, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներին, քննիչներին, դուք ստորագրել եք և ձեր անձնական գործում է պահպանվում երդումը, որ դուք տվել եք: Հիմա նորից ընթերցում եմ ձեր երդումը, որը տվել եք և պարտավոր եք պահպանել: Դուք երդվել եք, որ հավատարմորեն ծառայելու եք ՀՀ ժողովրդին, խստագույնս պահպանելու եք Սահմանադրությունն ու օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու եք մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն ու բարեխղճորեն կատարելու եք այս պարտականությունները: Առ այդ՝

1. Դուք պարտավոր եք քրեական գործ հարուցել և ձերբակալել ու կալանավորել թիվ 1 դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին:

2. Դուք պարտավոր եք դադարեցնել ակնհայտ սուտ և կեղծ իրավական ձևակերպումներով բոլոր քրեական հետապնդումները Նիկոլ Փաշինյանի քննադատների, նրա հանցավոր ռեժիմի հրաժարականը պահանջողների նկատմամբ:

3. Դուք պարտավոր եք պատասխանատվության կանչել Ոստիկանության այն անպատասխանատու անձանց, ովքեր հետևողականորեն փորձում են ժողովրդի մեջ հրահրել քաղաքացիական բախումներ, և ավելին, իրենց ոչ իրավաչափ, հանցավոր գործունեությամբ բերման են ենթարկում, անազատության մեջ են պահում, քրեական հետապնդումներ են փորձում հարուցել, ինչպես նաև առևանգում են հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մարդկանց: Դուք դա պարտավոր եք անել, պարտավոր եք պատասխանատվության կանչել, այսպես կոչված, Պետական պահպանության ծառայության հրամանատարին, որը երեկ բացահայտ, բոլորի ներկայությամբ փորձում էր հարվածներ տեղալ քաղաքացիներին: Նա հանցագործ է:

4. Դուք պարտավոր եք քրեական գործեր հարուցել և պատասխանատվության կանչել այն սանձարձակ և լկտի պահվածք ցուցաբերող ԱԺ պատգամավորներին, ովքեր սպառնում են ՀՀ քաղաքացուն, ովքեր ռիսկ չունեն պատասխանատվության կանչել հայրենիքը դավաճանածին, բայց փորձում են հոխորտալ, հարձակվել, փորձում են բռնության և դրա սպառնալիքի ներքո վախ ներարկել ՀՀ հպարտ քաղաքացիներին: Այդ սանձարձակ անձինք օր առաջ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Սիսակ Գաբրիելյան և մնացածներ, ովքեր իրենց իրավունք են վերապահել պատասխան տալ քաղաքացու պահանջին և փորձել բռունցքներով, անմեղսունակ պահվածքով քաղաքացիներին պարտադրել, իբր թե, ձեր նկատմամբ վերաբերվել հարգանքով: Հարգանքով նախևառաջ դուք եք պարտավոր եք վերաբերվել, դա ձեր պարտականությունն է: ՀՔԾ-ն պարտավոր է պատասխանատվության կանչել այս մարդկանց, այլ ոչ թե հայրենիքի փրկության համար դուրս եկած անձանց ապօրինի ձերբակալել և անազատության մեջ պահել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ ԳՄ անդամն ավելացրեց, որ ՀՔԾ աշխատակիցները, մասնավորապես՝ ղեկավար կազմը, պետք է այժմ ճիշտ որոշում կայացնի, որ հետագայում կարողանան նայել իրենց զավակներ աչքերի մեջ:

«Այնպես արեք, որ վաղը ձեր զավակների հայացքներին հպարտորեն նայեք, այնպես արեք, որ վաղը հայ ժողովրդի պատմության մեջ մտնեք՝ որպես հայրենիքը փրկող կարևոր դերակատարներից մեկը, այլ ոչ թե՝ դավաճանին պաշտպանող և աջակցող ուժերի ներկայացուցիչներ»,- ասաց Մինասյանը:

Այսօր ԱԺ-ում տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր 17 քաղաքական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողի հարցին, թե որպես Հայրենիքի փրկության շարժման համակարգող խմբի անդամ՝ Արծվիկ Մինասյանը տեղյա՞կ է, թե ինչ օրակարգ է քննարկվելու, վերջինս արձագանքեց.

«Ամեն կուսակցություն ունի իր օրակարգը, իր մոտեցումները, Հայրենիքի փրկության շարժման անունից, խորհրդի անունից արդեն իսկ հրապարակվել է հստակ հայտարարություն առ այն, որ երկխոսելու ոչինչ չկա մի մարդու հետ, ով օր առաջ պետք է հեռանա: Հետևաբար՝ այս պահ դրությամբ չունենք այլ մոտեցում, այլ պահանջ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Մնացածի մասին, երևի, Գագիկ Ծառուկյանը կանդրադառնա այդ հարցին:

Մնացած հարցերին՝ կապված այդ հանդիպման հետ, Արծվիկ Մինասյանը չպատասխանեց:

Տեսանյութեր

Լրահոս