Իմ կուսակցությունը նրա ժողովուրդն է

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Գյումրի` իր հետ տանելով Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացած աղբահան ու այլ մեքենաները: Գյումրիում նա խախտել է «լռության ուխտը»` պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի և ելույթ է ունեցել գյումրեցիների առաջ:

ակայն նրանից ակնկալվող հիմնական հարցին` նախագահական ընտրություններին իր և իր կուսակցության մասնակցության վերաբերյալ, կրկին չի պատասխանել: Չի պատասխանել ուղղակի, սակայն գյումրեցիների առջև ունեցած ելույթում անուղղակի խոսել է այդ մասին` կրկնելով դեռևս ԱԺ ընտրությունների քարոզարշավից մնացած իր մի քանի ստանդարտ հայտարարություններից մեկն այն մասին, որ իրեն ոչինչ պետք չէ, և ինքը պատրաստ է կորցնել ամեն ինչ: «Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»,- ասել է Գ. Ծառուկյանը:

Նա իր ելույթում` առանց անուններ նշելու, քննադատել է այսօր վարվող տնտեսական քաղաքականությունը` ուղղված հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանին, խոսել է արտագաղթի, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին: «Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգագԺողովուրդը ոչ նպաստ ա ուզում, ոչ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորությունգՄեր ուզածն էլ սա է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ ոլորտ ենք ուզում, ոչ էլ ինչ-որ ուրիշ գումար վաստակել ենք ուզում:

Աստծո կամոք, մենք ոչ պետական պաշտոնում ենք եղել, ոչ էլ ուզում ենք լինել, ոչ էլ ինչ-որ ոլորտ լինի, կամ մենաշնորհ լինի, մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի և ժողովուրդը երկրից չթողնի-գնա, որովհետև այսօր գնալով ժողովրդի վիճակն էլ` վատանալու է»,- հայտարարել է նա: Գագիկ Ծառուկյանի կամ նրա տեխնոլոգների հաշվարկն, իհարկե, պարզ է` այս խոսքերի իմաստն այն է, որ նա «պայքարում» է ոչ թե հանուն պաշտոնի, այլ ժողովրդի:

Բայց դրանով Գագիկ Ծառուկյանն արձանագրում է հերթական քաղաքական ու քաղաքագիտական նոնսենսը` «այլընտրանքային ուժ» լինելու մասին ԲՀԿ-ի ինքնահռչակումից հետո: Գ. Ծառուկյանը մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի ղեկավարն է, ինչպես ԲՀԿ-ականներն են սիրում կրկնել, ստացել է մոտ 500 հազար ձայն և օր ու գիշեր աշխատում է ոչ թե սեփական բիզնեսի, այլ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճման:

Ծառուկյանն ու նրա ղեկավարած ուժը քննադատում են կառավարությանը` «ծրագիր կամ բյուջե» կազմելու հարցում, ներկայացնում են տարբեր հարցերի լուծման` իրենց մշակած ծրագրերը, որոնք իրագործելու համար քաղաքականության մեջ դեռևս միակ ճանապարհն իշխանության գալն ու պաշտոններ, այսինքն` սեփական ծրագրերն իրագործելու համար լծակներ ստանալն է:

Սակայն Ծառուկյանն արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ: Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունների հիմքում ընկած է ոչ թե մարդկությանը դեռևս անհայտ քաղաքագիտական նոր մոդելի փնտրտուքը, այլ այն, որ իրականում ԲՀԿ նախագահին իսկապես պաշտոն պետք չէ: Պաշտոն պետք է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով նախօրեին տված հարցազրույցում այդքան ջանացել էր ԲՀԿ-ին ներկայացնել` որպես ինքնուրույն ու կայացած քաղաքական ուժ:

Այսինքն` մեծ հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանն արտահայտում է ճշմարտությունը` հայտարարելով, որ իրեն պաշտոն պետք չէ: Պարզապես նա չի ցանկանում կամ չի կարողանում ներկայացնել ճշմարտության մյուս մասը` թե ում է պետք պաշտոնը, որի համար պայքարում է դե յուրե իր կողմից ղեկավարվող ուժը:

Տեսանյութեր

Լրահոս