«Նիկոլ Փաշինյանը պետք է երանի տա, որ այսքանից հետո այս երկրում կարողանա ապրել, ուր մնաց, որ կարողանա պաշտոնավարել». Արմեն Աշոտյան

«Նիկոլ դավաճանը ոչ միայն Հայաստանում շարժվելու համար հազարավոր ոստիկանների կարիք ունի, այլ սեփական կաբինետում րոպե ավելի նստատեղը տաք պահելու համար այսքան հազարավոր ոստիկաններին հանել և բերել է այստեղ»,- քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից կառավարության շենքի բոլոր մուտքերը ուժեղացված ռեժիմով հսկող ոստիկաններին:

Ըստ Արմեն Աշոտյանի այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախճանի մասին.

«Նա պետք է երանի տա, որ այսքանից հետո այս երկրում կարողանա ապրել, ուր մնաց, որ կարողանա պաշտոնավարել: Նա չունի քաղաքական ապագա, իսկ որպեսզի Հայաստանն ու Արցախն ունենան ապագա, Նիկոլ Փաշինյանը չպետք է զբաղեցնի այդ կաբինետը: Դա արդեն վճիռ է, սա արդեն ճակատագիր է և, ցավոք սրտի, դավադիր ստահակը մինչև վերջ մսխում է Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի պաշտպանական ուժերը, մինչև վերջ փորձում է վնաս տալ իր գոյությամբ, իր անփառունակ քաղաքական գործունեությամբ մեզ բոլորիս, մեր ազգային շահերին…»:

Հիշեցնենք, որ «Հայրենքի փրկության շարժման» մասնակիցները երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեցին, որ առավոտյան ժամը 10:00-ից պետք է շրջափակեն կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարություն:

Վաղ առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել կառավարության շենքի տարածքում, և բոլոր մուտքերի մոտ ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ փակ պահելով դեպի կառավարություն գնացող բոլոր ճանապարհները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս