Կառավարությունը մնացել է նույն դասարանում
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադառնալով 2013թ. պետական բյուջեի նախագծին՝ նշեց, որ ակնհայտ է այն, որ հաջորդ տարի մեր բնակչությունը «մի փոքր» ավելի վատ է ապրելու: «Փոխաբերական իմաստով՝ ներկայացվածը ես համարում եմ տարկետման բյուջե: Կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել և մնացել է նույն դասարանում՝ տարկետման մեջ: Մինչդեռ այս կառավարության միջուկ-տնտեսական թիմը դեռևս 2008թ. համարձակ հավատով ծրագիր էր ներկայացրել արմատական բարեփոխումներ անցկացնելու կոնկրետ, շոշափելի արդյունքներ ապահովելու հույսեր ներշնչելու համար: Այդ հույսերն ի դերև եղան»,- ասաց Ա. Վարդանյանը: Ըստ նրա՝ նախագծի նախնական քննարկումների առաջին օրը ՀՀ վարչապետն արտաքին գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացրեց բյուջեի նախագծի փիլիսոփայությունը, երեք սկզբունքներն ու չորս նպատակները: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով այս նախագիծը, դժվար կլինի ենթադրել, թե ի՞նչ կլինի 2017թ.: