«Երբ արև է լինում՝ ընդդիմության շնորհքն է, իսկ երբ կարկուտ է գալիս՝ իշխանություն է մեղավոր»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը 2013թ. պետական բյուջեի նախագծին մասին խոսելիս՝ ասաց, թե չնայած նախընտրական ժամանակաշրջան է, բայց ներկայացված բյուջեի նախագիծը նախընտրական չէ,  ոչ ամբոխահաճո է և իրատեսական: «Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այսօրվա քննարկումները զերծ չեն նախընտրական էլեմենտներից, ինչպես ասում են՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում»,- ասաց Է. Շարմազանովը, ում խոսքով՝ եթե ցանկությունների կամ երազանքների տեսակետից նայենք, ապա պետք է ասել, որ այս նախագիծը մեր երազանքների բյուջեն չէ:

«Մեր գործընկերներից մեկը ելույթում նշեց, որ բյուջեն անբավարար է, և նշեց այն տարբերակով, որ բյուջեի նախագծով ծախսային մասի ավելացումն ավելի մեծ էր, քան 2010, 2011, 2012թթ.: Եթե այդ տրամաբանությունը հաշվի առնենք, ապա ինչո՞ւ այդ քաղաքական ուժը 2010, 2011, 2012թթ. բյուջեին կողմ քվեարկեց: Նշանակում է, որ ազնիվ չենք:

Երկրորդը՝ իմ գործընկերներից մեկը դահլիճում նշեց, որ գյուղատնտեսության աճ նկատվել է, բայց դա բնության շնորհն է: Սիրելիներս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ արև է լինում՝ ընդդիմության շնորհքն է, իսկ երբ կարկուտ է գալիս՝ իշխանություն է մեղավոր,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ելույթի վերջում ավելացնելով,- Մենք ամենաբարձր մակարդակով ասել ենք, որ խրախուսում ենք ներդրումները ՀՀ-ում, ուստի մի բան պետք է ասեմ՝ ցանկությունները կարևոր են, բայց ավելի կարևոր է ազնիվ և շիտակ գործելը: Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:

 

Տեսանյութեր

Լրահոս